ԱՄՆ Պետդեպարտամենտը ֆինանսավորում է Իսրայելի դատաիրավական բարեփոխումների դեմ հակակառավարական ցույցերը, ասվում է Իսրայելի վարչապետի որդու՝ Յաիր Նեթանյահուի կողմից ուրբաթ օրը հրապարակված թվիթերյան մի շարք գրառումներում, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Նեթանյահուի որդու կողմից տարածված թվիթերներից մեկում ասվում է, որ Իսրայելում տեղի ունեցող դատական բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի հետեւում կանգնած են ամերիկացիները: Սա, ըստ գրառման, արվում է վարչապետի վրա ճնշում գործադրելու համար՝ իրանցիների հետ համաձայնության հասնելու նպատակով։
Նեթանյահու-կրտսերի տարածած թվիթում ասվում է. «ԱՄՆ Պետդեպարտամենտը կանգնած է Իսրայելում Նեթանյահուին տապալելու բողոքի ցույցերի հետեւում, ակնհայտ է, որ դա արվում է իրանցիների հետ համաձայնություն կնքելու համար»:
Հիշեցնենք, որ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը մտադիր է դատաիրավական բարեփոխումներ իրականացնել՝ դատարանների լիազորությունները սահմանափակելու նպատակով։ Սա զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել ողջ Իսրայելում: