News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրт ընդունել է գերմանացի եպիսկոպոսի հրաժարականի դիմում-նամակը, որով վերջինս հրաժարական է խնդրել սեռական ոտնձգությունների դատավարությունների ժամանակ թույլ տված սխալների համար, հայտնում է Associated Press-ը:

Ֆրանց-Յոզեֆ Բոդեն, որը 1995 թվականից Գերմանիայի Օսնաբրյուքի եպիսկոպոս է, ասել է, որ հրաժարական տալու իր որոշումը «հասունացել էր վերջին ամիսներին», եւ ինքը հույս ունի, որ դա թեթեւացում կլինի թեմի համար:

Բոդեի բացատրության մեջ ասվում է, որ սեպտեմբերին թեմում հոգեւորականների նկատմամբ բռնությունների մասին հրապարակված միջանկյալ զեկույցը բացահայտել է իր սխալները: Նա ընդունել է իր պատասխանատվությունը որպես եպիսկոպոս:

Եպիսկոպոսը մեղադրվում էր որոշ չարաշահումներին պատշաճ կերպով չարձագանքելու մեջ, հաղորդում է գերմանական dpa գործակալությունը:

Գերմանիայի եպիսկոպոսների համաժողովի ղեկավար, եպիսկոպոս Գեորգ Բեցինգը հայտարարություն է տարածել, որում «մեծ ափսոսանք եւ հարգանք» է հայտնել Բոդեի հրաժարականի հետ կապված։

Գերմանիայում կաթոլիկ եկեղեցում սեռական բռնության վերաբերյալ 2018 թվականին եկեղեցու պատվիրած զեկույցից պարզ է դառնում, որ 1946-2014 թվականներին հոգեւորականների կողմից 3677 մարդ է բռնության ենթարկվել: Զոհերի կեսից ավելին եղել է 13 տարեկան եւ ավելի փոքր, մեծ մասը՝ տղաներ: Ամեն վեցերորդ դեպքը եղել է բռնաբարություն՝ առնվազն 1670 հոգեւորականի ընդգրկմամբ:

Ֆրանց-Յոզեֆ Բոդեն 1991-ից Պադերբորնի օժանդակ եպիսկոպոս է, իսկ1995 թվականից Գերմանիայի Օսնաբրյուքի եպիսկոպոս, ինչն էլ նրան դարձնում է Գերմանիայի ամենաերկար ծառայող եպիսկոպոսը:

Հռոմի պապը դեռեւս չի արձագանքել գերմանացի կարդինալի հրաժարականի խնդրանքին, որին նույնպես մեղադրում են սեռական ոտնձգությունների դեպքերը ոչ ճիշտ վարելու մեջ: Կարդինալ Ռայներ Մարիա Վելկայի խնդրանքը պայմանավորված է եղել Քյոլնի արքեպիսկոպոսության նկատմամբ վստահության ճգնաժամով, որը սկսվել է 2020 թվականին։

Ճգնաժամը սկսվել է այն ժամանակ, երբ, իրավաբանական խնդիրներին հղում անելով, Վելկին գաղտնի է պահել իր պատվիրած զեկույցն այն մասին, թե ինչպես են արձագանքել տեղական եկեղեցու պաշտոնյաները քահանաներին սեռական բռնության մեջ մեղադրելուն: Զեկույցի կոծկումը զայրացրել է Քյոլնի բազմաթիվ կաթոլիկներին: Երկրորդ զեկույցը, որը հրապարակվել է 2021 թվականի մարտին, հայտնաբերել է 75 դեպք, երբ բարձրաստիճան պաշտոնյաները անփույթ են վերաբերվել իրենց պարտականություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ