Արցախում տնտեսվարողը տուգանվելուց հետո էլ միրգ–բանջարեղենը բարձր գնով է վաճառել. պետական տեսչությունների կառավարման կոմիտեն կասեցրել է խանութի գործունեությունը։ Խանութից օգտվող քաղաքացիները, սակայն, պահանջում են թույլատրել խանութի աշխատանքը։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։
«Այս խանութում վաճառվում է միրգ–բանջարեղեն, որը ոչ մի այլ տեղ չկա։ Մարդիկ հավաքվել են, որ առեւտուր անեն, բայց եկել, տեսել են, որ խանութը փակ է։ Մարդկանց պահանջը սա է՝ եթե ուրիշ տեղ էժան գնով միրգ–բանջարեղեն կա, թող մարդկանց ասեն դրա տեղը, գնանք էնտեղ»,– հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում ասել է հավաքվածներից Էրիկ Ավետիսյանը։
Տնտեսվարողն էլ իր հերթին արդարացել է՝ նշելով, որ միրգ–բանջարեղենի գները անհիմն չեն որոշվել։
«Բանանը բերում, հասցնում ենք, մի արկղի արժեքը կազմում է 28 հազար դրամ, բայց իր 18 հազար է։ Էդ 10 հազարը ճանապարհածախսի գումարն է։ Կիլոգրամը գալիս է 1430 դրամ, վաճառում ենք 1500 դրամով»,– ասել է տնտեսվարողը։
Քաղաքացիները չեն դժգոհել տնտեսվարողից, ընդգծելով, որ ժամանակ է եղել, երբ տվյալ տնտեսվարողը անվճար բաժանել է գազար, կարտոֆիլ։
«Թող գնային աճը վերահսկողները հսկեն նաեւ տնական ձվի գինը, որն այսօր վաճառվում է մինչեւ 200 դրամ, կանաչին 500 դրամ է»,– ասել է հավաքվածներից Ռուզաննա Դավթյանը։
Խանութն իր գործունեությունը կշարունակի այն դեպքում, երբ տնտեսվարողը վերանայի գներն ու ամապատասխանեցնի սահմանված գնացուցակին։
Խանութի դիմաց հավաքվածների հետ հանդիպել է նաեւ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ու նշել՝ պետությունը թույլ չի տալու, որ այս ծանր ժամանակաշրջանում տնտեսվարողները միայն իրենց շահի մասին մտածեն։
Մանրամասները՝ տեսանյութում։