News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայում երկուշաբթի օրը՝ մարտի 27-ին, սկսվել է տրանսպորտի աշխատողների նախազգուշական խոշոր գործադուլը, որը կազմակերպել է երկաթուղային տրանսպորտի EVG միությունը՝ Verdi արհմիության հետ համատեղ։ Գործադուլը կտեւի 24 ժամ եւ կազդի տրանսպորտի բազմաթիվ տեսակների աշխատանքի վրա ամբողջ երկրում, հայտնում է Deutsche Welle-ն։

Համբուրգի, Հանովերի, Դորտմունդի, Դրեզդենի, Դյուսելդորֆի, Լեյպցիգի, Մյունխենի, Նյուրնբերգի, Մայնի Ֆրանկֆուրտի, Շտուտգարտի, ինչպես նաեւ Քյոլն-Բոն օդանավակայանի գրեթե բոլոր չվերթները չեղարկվել են։ Միաժամանակ Բեռլինի օդանավակայանը շարունակում է գործել, սակայն դեպի վերոնշյալ քաղաքներ թռիչքները չեղարկվել են։

Երկաթուղային Deutsche Bahn կոնցեռնը նույնպես հայտարարել է միջքաղաքային գնացքների աշխատանքի դադարեցման մասին ողջ երկրում։ Միաժամանակ ընկերությունն ակնկալում է, որ գնացքների երթեւեկության հետ կապված խնդիրները կշարունակվեն մարտի 28-ի առավոտյան։ Չի աշխատի նաեւ մերձքաղաքային գնացքների մեծ մասը, քանի որ նրանց DB Regio օպերատորը նույնպես միացել է գործադուլին:

Գերմանիայի յոթ շրջաններում չեղարկվել է հասարակական տրանսպորտի մի մասը։ Խոսքը Բադեն-Վյուրտեմբերգի, Բավարիայի, Հեսսենի, Ներքին Սաքսոնիայի, Ռեյնլանդ-Պֆալցի, Սաքսոնիայի եւ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի մասին է։ Մարզերում գործում է ավտոբուսների չվացուցակ այն դեպքերի համար, եթե գործադուլ լինի։

Լայնամասշտաբ գործադուլին կմասնակցի նաեւ գերմանական ավտոճանապարհների օպերատորը։ Միեւնույն ժամանակ, ընկերությունը հերքել է թունելների փակման հետ կապված մտահոգությունները՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների համար նախատեսված պայմանավորվածությունները:

Միեւնույն ժամանակ, արհմիությունների կազմակերպած գործադուլները գրեթե միշտ նախապես հայտարարվում են։ Հաշվի առնելով դա, դրանք հաճախ ուշանալու եւ «աշխատանքից բացակայելու» արդարացում չեն, համաձայն գերմանական օրենսդրության:

Սպասվում է, որ գործադուլին կմասնակցի տրանսպորտի ոլորտի շուրջ 350 000 աշխատակից։ Արհմիությունները ցանկանում են հասնել նրանց աշխատավարձերի բարձրացմանը։ Այսպես, Verdi-ն կոչ է արել բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը 10,5 տոկոսով, եւ ոչ պակաս, քան ամսական 500 եվրո։ EVG-ն հանդես է գալիս գերմանական երկաթուղու աշխատողների աշխատավարձի 12 տոկոսով բարձրացման օգտին, բայց ամսական 650 եվրոյից ոչ պակաս:

Գործադուլը կլինի ամենամեծը Գերմանիայում՝ 1992 թվականից, ասել է Verdi-ի ղեկավար Ֆրանկ Վերնեկեն։ Այն տեղի է ունենում արհմիությունների եւ գերմանական իշխանությունների ներկայացուցիչների միջեւ բանակցությունների հերթական փուլի հետ միաժամանակ, որը նախատեսված է մարտի 27-29-ը՝ Պոտսդամում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ