
Եղանակը տաքացել է, բայց Ստեփանակերտում դեռ չեն հրաժարվում փայտե վառարաններից. այն հիմա ծառայում է ոչ թե որպես վառարան, այլ ճաշ եփելու, ջուր տաքացնելու միջոց։ 17–րդ օրն է՝ Արցախում գազ չկա, ադրբեջանական կողմը մարտի 10–ին, հերթական անգամ արգելափակեց Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։
«Արցախցիների խնդիրները չեն վերջանում, ամեն օր մի նոր բանի հետ ենք առնչվում, հիմա էլ ադրբեջանցիների կողմից դիրքային առաջխաղացման պատճառով ենք մտահոգ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է ստեփանակերտցի Արցախուհի Բաբայանը ու շարունակում.
«Ամենից շատ ճնշվում ենք անորոշությունից, մեր հող ու ջրում ենք ապրում, բայց պատասխանան չունենք՝ ի՞նչ կլինի։ Ժողովուրդը՝ էն հատվածը, որը ոչ մի բանից կախում չունի, պաշտոն չունի, սովորական կյանքով է ապրում՝ միասնական ենք, բայց ղեկավարությունը չի ասում, թե ինչ կլինի վաղը, դա է մեզ կոտրում»։
Գազամատակարարման դադարեցման պատճառով Արցախում նախակրթարանները չեն գործում, բայց հանրակրթական դպրոցներում շարունակվում են դասապրոցեսները։ Արցախուհու ավագ որդին՝ 9–ամյա Ալեքսը, այս շաբաթ գարնանային արձակուրդում է, բայց հետո նորից կհաճախի դպրոց։
«Երեխաները դասերից շատ են հետ մնում, այլեւս առաջվա նման չէ, կրթությունը շատ է տուժել»,– ասում է Ստեփանակերտի բնակչուհին։
Երեքամսյա շրջափակման պայմաններում Արցախում շարունակվում են հովհարային անջատումները։ Ստեփանակերտում երեք ժամը մեկ հոսանքն անջատվում է մեկ ժամով։
«Հենց մեկ ժամը լրանալու պահը գալիս է, երեխաները վայրկյանները հաշվում են, թե երբ է լրանալու 60 րոպեն»,– պատմում է երեք անչափահաս երեխաների մայրը։
Խանութներում որոշակի ապրանքներ ավելացել են, բայց միշտ չէ, որ Արցախուհին կարողանում է օգտվել նոր ստացած մթերքներից։ Խնդիրը միայն փողը չէ, ասում է նա ու հավելում՝ սահմանափակ քանակով են այդ մթերքները։
«Ժամանակ կա բանջարեղեն չի լինում, ներկա պահին տալոններ կան մոտս են, բայց բանջարեղեն չկա, կարտոֆիլը, մյուս անհրաժեշտ մթերքները շատ շուտ են սպառվում։ Ամսվա կտրվածքով բանջարեղենի համար երկու անգամ կտրոն են տալիս, բայց հաշվի առնելով, որ բանջարեղեն չկա՝ 15–օրյա ժամկետը երկարաձգել են եւս 10 օրով։
Ամեն տեսակ քաղցրավենիք չկա խանութներում, փոխարենը տան պայմաններում թխված խմորեղեն կա։ Մրգերից՝ խնձոր, բանան, նարինջ, մանդարին կա, բայց սահմանափակ քանակով, շուտ վերջանում է։ Լոլիկ, վարունգ էլ կա, բայց քիչ քանակի։ Օրինակ, եթե առաջ 250 դրամով լավ խնձոր էինք առնում, հիմա խնձորի գինը 450–ից մինչեւ 650 դրամ է, բայց ես ո՞նց չառնեմ երեխաներիս համար, օգտակար միրգ է։ Տալոնով գները նորմալ են, իսկ առանց տալոն՝ թանկ է, ես չեմ էլ գնում առանց տալոնի, հնարավորություն չունեմ։ Խանութներում ձեթ, մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ կա, բայց օրինակ՝ աղը, շաքարավազը պակասում է, եթե մտել ես խանութ ու տեսել, որ կան այդ ապրանքները, պետք է առնես, թե չէ հետո չես գտնի խանութներում։ Ձուն, հավի միսը շուտ են վերջանում, պետք է հասցնես առնես, տնական ձվի գինը 100 դրամ է, խանութում տալոնով ձուն վաճառվում է 50 դրամով, ոչ տալոնովը՝ 65 դրամ»,– հավելում է Ստեփանակերտի բնակչուհին։