News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դպրոցի աշխատակիցների արհմիության եւ շրջանի միջեւ երկար բանակցություններից հետո, որոնք փակուղի են մտել, ինչը հանգեցրել է ուսուցիչների գործադուլի եւ Լոս Անջելեսի դպրոցների փակման երեք օրվա ընթացքում, քաղաքապետ Քարեն Բասը միջամտել է գործին: Արդյունքում կողմերը, ինչպես իրենք են հիմա ասում, պատմական պայմանագիր են կնքել՝ կատարելով գործադուլավորների բոլոր պահանջները։ Դրանցից գլխավորը դպրոցների աշխատակիցների, այդ թվում՝ ուսուցիչների օգնականների, ավտոբուսների վարորդների, գրադարանների եւ ճաշարանների աշխատակիցների աշխատավարձերի 30 տոկոսով բարձրացումն է։  Մինչ գործադուլը նրանք տարեկան ստանում էին մոտ 25 հազար դոլար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Ամեն ինչի գները բարձրացել են՝ սննդի, բենզինի։ Ինչ-որ մեկը ստիպված է քնել մեքենայում, քանի որ վարձակալության համար գումար չունի։ Դժվար է այդպես ապրել»,-պատմել է տարրական դպրոցի ուսուցչի օգնականը։ Նրա խոսքով՝ իր գործընկերները ստիպված են անընդհատ լրացուցիչ եկամուտ կամ բոլորովին նոր աշխատանք փնտրել, քանի որ Լոս Անջելեսում անհնար է ընտանիքին կերակրել ամսական 2 հազար դոլար աշխատավարձով:

«Լոս Անջելեսի դպրոցների կես միլիոն աշակերտների եւ նրանց ընտանիքների համար ես նորություն ունեմ՝ մենք պայմանագիր ենք կնքել։ Այնպես որ, դպրոցները կշարունակեն իրենց աշխատանքը, եւ երեխաները, այդ թվում՝ իմ թոռը, կշարունակեն սովորել»,-բանակցություններից հետո հայտարարել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը։

Պայմանագրի ստորագրումից հետո, որը դեռ պաշտոնապես պետք է իր քվեարկությամբ հաստատի արհմիությունը, դպրոցական աշխատողների աշխատավարձերն անմիջապես կաճեն 15 տոկոսով եւ եւս 15-ով՝ 2024 թվականի հունվարի մեկից ։ Բացի այդ, ուսուցիչները կվերահաշվարկեն աշխատավարձերը 2021 թվականի հուլիսից եւ կվճարեն տարբերությունը։ Դպրոցների աշխատակիցներին դուրս կգրվի նաեւ միանվագ պարգեւավճար՝ հազար դոլարի չափով, ինչպես նաեւ կտրվեն սոցիալական արտոնություններ:

Գործադուլի պատճառով քաղաքի դպրոցականները երեք օր չեն հաճախել դպրոց։

Պայմանագիրը, որը կողմերը նախատեսում են ստորագրել առաջիկա օրերին, կգործի մինչեւ 2024 թվականի ամառ: Մինչ այդ, ասում են արհմիությունում, Լոս Անջելեսի դպրոցներում գործադուլներ չեն նախատեսվում։ Նոր պայմանագրի քննարկումը տեղի կունենա արդեն հաջորդ ամառ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ