
Այսօր Աջարիային վրա հասած փոթորկի հետեւանքով Քոբուլեթիի Աղմաշենեբելի փողոցում ծառ է ընկել ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է, հայտնում է Netgazeti.ge-ն։
Տեղեկությունը հաստատել են Բաթումիի ՆԳՆ-ում, հետաքննություն է սկսվել։
Այս պահին ուժեղ քամու հետեւանքով այլ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Այսօր՝ մարտի 28-ին, Աջարիայում ուժեղ քամին վնասել է ենթակառուցվածքները, տապալել ծառեր, մասնակի կամ ամբողջությամբ քանդել տների տանիքները։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ Աջարիայից ուժեղ քամու պատճառած վնասների մասին տասնյակ հաղորդումներ են ստացվել։
Բաթումում փոթորիկը պոկել է տասնյակ տների տանիքներ, տապալել ծառեր, վնասել էլեկտրասյուներն ու կանգառները։ Վնասվել են նաեւ անձնական ավտոմեքենաներ։
Բաթումի նավահանգստում փոթորկի ուժգին պոռթկումները դատարկ կոնտեյներներ են շրջել եւ վնասել են հերթապահների կրպակը։