News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցությունը բավականին մեծ է, սակայն Ադրբեջանի վրա մեծ ազդեցություն ունեն նաեւ Մեծ Բրտանիան, Իսրայելը եւ միշտ չէ, որ Ադրբեջանի նախագահը իր քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, որոշ հարցերում բավականին անկախ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Այո, Ադրբեջանին ուզում են օգտագործել Իրանի դեմ: Ադրբեջանին արդեն մի մեծ ծառայություն են մատուցել արցախյան պատերազմի ժամանակ՝ մեր հաշվին, եւ Ադրբեջանն ունի որոշակի պարտավորություններ: Ապագայում Ադրբեջանին, ըստ էության, խոստանում են նաեւ Իրանի  տարածքի մի մասը: Խոսքն Ատրպատականի մասին է: Ադրբեջանի նախագահն այսօր վա բանկ է գնացել եւ ինչպես պոկերում, իր բոլոր փողերով մեկ խաղադրույք է արել:

Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Իրանի դիրքերն ուժեղանում են, չնայած ներքին շատ լուրջ պրոբլեմներին: Դա կապված է Չինաստանի միջնորդության, արաբական աշխարհի հետ մերձեցմամբ: Արդեն Սաուդյան Արաբիան Իրանում ներդրումներ է պատրաստվում անել: Նաեւ ուժեղանում են ռուս-իրանական հարաբերությունները: Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում է եւ այնտեղ շատ հետաքրքիր ու լուրջ հայտարարություններ են արվում:

Մենք պետք է հասկանանք, որ այն, որ հիմա Սյունիքը հայկական է, դա առաջին հերթին Իրանի շնորհիվ է: Բնականաբար, Իրանն իր այդ քայլերը համաձայնեցնում է Ռուսաստանի հետ»,-ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ է Ադրբեջանի Իրանի դեմ հարձակման պլացդարմ դառնալ, Դանիելյանը պատասխանեց. «Արդեն դարձել է այդպիսի պլացդարմ եւ դարձել է վերջին մի քանի տարիներին: Իսրայելական հետախուզական կենտրոնները գործում են Ադրբեջանում, եւ հիմնական հետախուզական գործողությունները հիմնականում Ադրբեջանի տարածքից են կատարվում: Ադրբեջանը վաղուց կարմիր գծերն անցել է, բայց մյուս կողմից Իրանն ուժեղանում է եւ Ադրբեջանը լուրջ վտանգների առջեւ է կանգնած: Եթե Ուկրաինական պատերազմն էլ ինչ-որ լուծում գտնի եւ Չինաստանի ու իրանի դիրքերն ուժեղանան, կարծում եմ՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարին ներում չի լինելու: Դա է պատճառը, որ Ադրբեջանն ուզում է Սյունիքի միջանցքն ստանալ եւ ուղիղ կապ հաստատել Թուրքիայի հետ»:

Տպել
Ամենաշատ