News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում հավանություն տվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին՝ դրանք հմարելով անհետաձգելի:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագծերի փաթեթը, նշեց, որ Կառավարության ծրագրով գիտության և բարձրագույն կրթության ոլորտների որակական և շեշտակի զարգացումն առաջնահերթություն է, որի շրջանակներում արվել է մեծածավալ աշխատանք. «Բավարար է նշել, որ միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ Կառավարությունը 2018 թվականի համեմատ ոլորտի ֆինանսավորումն այս տարվա համար ավելացրել է շուրջ 21,74 մլրդ դրամով՝ դարձնելով 36 մլրդ դրամ, ինչը շուրջ 2,5 անգամ ավել է 2018 թվականին գիտության ոլորտին ոլորտին տրամադրված ֆինանսավորումից»,- հայտնեց նախարարը:

Նա նշեց, որ այս փաթեթով նախատեսվում է, որ գիտության ոլորտում ռազմավարության հաստատման, ֆինանսավորման նոր մեխանիզմների, գիտական կազմակերպությունների գործունեության  վերջնարդյունքների եւ հստակ կատարողական ցուցանիշների հաստտման, գիտաշխատողների ատեստավորման նոր  կարգի, գիտության ոլորտում տվյալների հավաքագրման եւ տեղեկատվական համակարգի վարման մեխանիզմները լավարկել ու հստակեցնել, ինչպես նաեւ ձեւավորել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, որը կձեւավորվի Գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի եւ ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության հիման վրա:

 Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն գործելու է նախարարության ենթակայությամբ եւ իրականցնելու է ոլորտի միասնական քաղաքականությունը»,-ասաց Անդրեասյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ մինչեւ 2030 թվականը կրթության պետական զարգացման ծրագրի ընդունումից հետո ներկայումս լրամշակվում է «Բարձրագույն կրթւոյթան եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է ապահովել պետական միասնական քաղաքականությունը:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց հետևյալը. «Մենք բազմիցս արձանագրել ենք, որ առանց կրթության ոլորտում խորը և բովանդակային փոփոխությունների, որոնք կբերեն կրթության որակի և արդյունավետության բարձրացման, չենք կարող ապահովել մեր երկրի ապագան: Այդ իմաստով՝ շատ մանրամասն հետազոտել ենք այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել, և այն պրոբլեմները, որոնք մենք ունենք բարձրագույն կրթության ոլորտում:

Դրանցից մեկը ֆիզիկական ենթակառուցվածքների անհապատասխանությունն է ժամանակակից պահանջներին, երկրորդը բովանդակային հատվածի անհամապատասխանությունն է ժամանակակից չափանիշներին: Եվ այս հատվածում մենք արձանագրել ենք հետևյալը, որ, ցավոք, չենք նկատել, թե ինչպես է բուհական համակարգը շարունակաբար մեկուսանում հետազոտական բաղադրիչից, այսինքն՝ մենք այսօր ունենք իրավիճակներ, երբ կարող է ՀՀ-ում դիմորդն ընդունվել և ավարտել բուհը, դիպլոմավորվել և այդպես էլ որևէ առարկայական առնչություն չունենալ իր մասնագիտության հետ:

Այս իրավիճակները գնալով ավելի մեծանում են: Մեր ռազմավարության կարևոր բաղադրիչներից է հետազոտական բաղադրիչը և բուհական բաղադրիչը մեկտեղել այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և տրամաբանական:

Ակադեմիական քաղաքի շրջանակներում մենք արձանագրել ենք, որ ՀՀ-ում պետք է ունենանք մինչև 8 լիարժեք ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող բուհ, և այդ բուհերը պետք է ձևավորվեն ոչ միայն բուհական, այլև հետազոտական բաղադրիչների հիման վրա:

Տնտեսական, ենթակառուցվածքային և ֆինանասական հարցերը պետությունը կվերցնի իր վրա: Այս ճանապարհին մենք հերթական կարևոր որոշումն ենք կայացնում, և ստեղծում ենք նոր մարմին կամ բարեփոխում ենք մեր ունեցած կառուցակարգերը, և գիտության կոմիտեի փոխարեն կունենանք բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը կիրականացնի մեր ռազմավարությունների այս հատվածը, որը վերաբերում է բուհերի հետազոտական բաղադրիչն ուժեղացնելուն, կամ հետազոտական, գիտահետազոտական և կրթական բաղադրիչները բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում ինտեգրելու, մեկտեղելու և միասնական դարձնելու ուղղությամբ»:

Տպել
Ամենաշատ