News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում որոշեց  «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող տարածքից 15,5 հազար քմ հատկացնել Երեւան համայնքին, որպեսզի այնտեղ կառուցվի Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարմնամարզության մարզադպրոց:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը՝ նշեց կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շենքը կառուցվել է 1960-ական թվականներին և տեխնիկական տեսանկյունից ժամանակակից մարզադպրոցներին և պահանջվող նորմերին չի համապատասխանում:

Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար է գտնվել այլ հողամասում կառուցել ժամանակակից պայմաններին և տեխնիկական պահանջներին համապատասխանող նոր մարզադպրոց, որի համար առաջարկվել է Հրազդանի կիրճ հ.4 հասցեում գտնվող գույքից առանձնացվող 15509.0 քմ մակերեսով հողամասը, որը սեփականության իրավունքով պատկանում է «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը:

«Համայնքն արդեն իրականացրել է մրցութային գործընթաց, նախագծող ընկերություն կա, որն առաջիկայում մարզադպրոցի նախագծման և կառուցման աշխատանքները կիրականացնի»,– ասաց Սանոսյանը։

Նախարարը պարզաբանեց, որ տարածքը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, «Դալմա» առևտրի կենտրոնի դիմաց։ Տվյալ տարածքում այս պահին մի շարք մարզական օբյեկտներ կան։ Նոր մարզադպրոցը, նախարարի խոսքով, համալրելու է դրանց շարքը։

«Բավական մեծ դահլիճներ են լինելու, ստորգետնյա ավտոկայանատեղիով, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված դահլիճներով, սանհանգույցներ, հանդերձարաններ։ Այսինքն` բոլոր չափորոշիչներին` և՛ մարզումների համար, և՛ միջազգային մրցույթների կազմակերպման համար համապատասխանելու է»,– ասաց Սանոսյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները պատկանում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, կառավարության այսօրվա որոշման հիման վրա, գույքից կառանձնացվի վերոհիշյալ հողամասը։ Այն նախ կամրացվի Պետգույքի կառավարման կոմիտեին, ապա կնվիրաբերվի Երևան համայնքին` «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նոր մարզաբազա կառուցելու նպատակով։

Նշենք, որ «Հրապարակ» թերթն այսօր հայտնել էր, որ Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից («Բուռնաշ»), ով տարիներ շարունակ վարձակալությամբ տնօրինում է այն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ