News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվել են գործնական փաստաթղթերի կեղծման բազմաթիվ մեղադրանքներ, ներառյալ՝ առնվազն մեկ քրեական հանցագործություն, վկայում է մեղադրական եզրակացությունը, որը տրվել է Մանհեթենի մեծ ժյուրիի կողմից, The Associated Press-ին տեղեկացրել են գործին ծանոթ աղբյուրները։

Երեքշաբթի նա պաշտոնապես կալանավորվելու է, նրան ներկայացվելու են «թաքցված փողերի» մասին գործով մեղադրանքներ, ինչը առիթ կհանդիսանա պատմական այն պահի համար, երբ ԱՄՆ նախկին նախագահը ստիպված կլինի կանգնել դատարանի առջեւ՝ լսելու համար իր դեմ ներկայացվող քրեական մեղադրանքները։

Մեղադրական եզրակացությունը մնում է փակ, եւ կոնկրետ մեղադրանքներն առայժմ հայտնի չեն, բայց մանրամասները հաստատվել են անանուն աղբյուրների կողմից։

Երբ Թրամփը դատարան ներկայանա, կձեւակերպվի այնպես, ինչպես ցանկացած մեկ այլ մարդ, որին մեղադրանքներ են ներկայացվել՝ ֆոտոռոբոտ, մատնահետքեր եւ այլն։ Բայց սպասվում է, որ նա ձեռնաշղթաներով չի լինի եւ հավանաբար նույն օրն էլ բաց կթողնվի։

Թրամփի իրավաբանական թիմն այդ ընթացքում պատրաստում է նրա պաշտպանությունը, իսկ դատախազը պաշտպանում է մեծ ժյուրիի հետաքննությունը, որը գործը հանձնել է դատական վարույթ։ Կոնգրեսի հանրապետականները, ինչպես եւ ինքը՝ Թրամփը, պնդում են, որ այդ ամբողջ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

«Մենք ձեզ կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդ սադրիչ մեղադրանքներից, հետ կանչել ձեր պահանջը եւ թույլ տալ քրեական արդարադատությանը՝ իրականանալ առանց անօրինական քաղաքական միջամտության»,- գրել է Մանհեթենի օկրուգային դատախազ Էլվին Բրեգը Ներկայացուցիչների պալատի հանրապետական կոմիտեների երեք ներկայացուցիչներին ուրբաթ օրվա իր նամակում, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ։

Այս գործը ԱՄՆ-ի համար «նոր բան է», չէ՞ որ Թրամփը առաջին նախկին նախագահն է, որին մեղադրանք է ներկայացվել։ Իսկ քաղաքական հետեւանքները կարող են հսկայական լինել հաջորդ տարվա նախագահական ընտրությունների նախաշեմին։ Թրամփը պատրաստվում է  երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում եւ հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը կարող է վնասել այդ ջանքերին, չնայած իր արշավն ակտիվորեն արդեն փող է հավաքում՝ վկայակոչելով վերջին իրադարձությունները։

Տեղեկացվել է, որ մեղադրական եզրակացության հայտնվելուց 24 ժամ հետո ավելի քան 4 մլն դոլար է հավաքվել։

Թրամփին մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ ատենակալների մեծ ժյուրին հետաքննել էր «թաքցված փողերի» գործը, որոնք վճարվել էին 2016թ. նախագահական քարոզարշավի ժամանակ։ Մեղադրական եզրակացությունը մնում է փակ, ինչպես ընդունված է Նյու Յորքում։

Հետաքննության ընթացքում հայտնաբերվել են վեցանիշ գումարներ, որոնք վճարվել են պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին եւ Playboy-ի նախկին մոդել Քարեն Մակդուգալին։ Երկուսն էլ պնդում են, որ սեռական կապ են ունեցել ամուսնացած Թրամփի հետ այն ժամանակ, երբ նա դեռ քաղաքականությամբ չէր զբաղվում։ Նա չի ընդունում սեռական կապերի մասին երկու կանանց պնդումները։

Թրամփը նաեւ նշում է, որ որեւէ իրավախախտում չի կատարել՝ վճարումների հետ կապված, եւ դատապարտում է հետաքննությունը՝ որպես «խարդախություն», «հետապնդում», անարդարություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ