Կանանց ռադիոկայանը Աֆղանստանի հյուսիս-արեւելքում փակվել է այն պատճառով, որ Ռամադան սրբազան ամսվա ժամանակ երաժշտություն է հնչեցրել, շաբաթ օրը տեղեկացրել է երկիրը ղեկավարող «Թալիբան» շարժման ներկայացուցիչը, հաղորդել է The Associated Press-ը։
Sadai Banowan-ը, որը դարի լեզվով նշանակում է «կնոջ ձայն», միակ ռադիոկայանն է Աֆղանստանում, որը ղեկավարում են կանայք, եւ իր աշխատանքն սկսել է 10 տարի առաջ։ Այստեղ աշխատում է ութ աշխատակից, որոնցից վեցը՝ կին։
Բադահշան նահանգի տեղեկատվության եւ մշակույթի վարչության տնօրեն Մոեզուդդին Ահմադին հայտարարել է, որ ռադիոկայանը մի քանի անգամ խախտել է «Իսլամական Էմիրության օրենքներն ու կանոնները»՝ երգեր եւ երաժշտություն հնչեցնելով Ռամադանի ժամանակ, եւ փակվել է այդ խախտման պատճառով։
«Եթե այդ ռադիոկայանն ընդունի Աֆղանստանի Իսլամական Էիրության քաղաքականությունը եւ երաշխիք տա, որ այլեւս նման բան չի կրկնվի, մենք թույլ կտանք նրան նորից աշխատել»,- ասել է Ահմադին։
Ռադիոկայանի ղեկավար Նաջիա Սորոշը չի ընդունում, որ խախտում է կատարվել, ասում է, որ ռադիոկայանը փակելու անհրաժեշտություն չկար, եւ դա անվանում է դավադրություն։ «Թալիբանը» մեզ ասել է, որ դուք երաժշտություն եք հնչեցրել։ Մենք ոչ մի երաժշտություն չենք դրել»,- ասել է Սորոշը։
Նա տեղեկացրել է, որ առավոտյան ժամը 11.40-ին տեղեկատվության եւ մշակույթի նախարարության եւ բարքերի ու առաքինության վարչության ներկայացուցիչները եկել են ռադիոկայան եւ փակել այն։ Նա ասել է, որ կայանի աշխատակիցները կապվել են բարքերի եւ առաքինության վարչության հետ, բայց պաշտոնյաներն ասել են, որ ոչ մի լրացուցիչ տեղեկություն չունեն փակման մասին։
Շատ լրագրողներ կորցրել են աշխատանքը 2021թ. օգոստոսին թալիբների իշխանության գալուց հետո։ Աֆղանստանի անկախ լրագրողների ասոցիացիայի տվյալներով՝ ԶԼՆ-ները փակվել են միջոցների անբավարարության կամ այն պատճառով, որ աշխատակիցները հեռացել են երկրից։
Թալիբները կանանց արգելել են զբաղվել բազմաթիվ աշխատանքներով եւ արգելել են կրթություն ստանալ վեցերորդ դասարանից հետո, ներառյալ համալսարանականը։ Երաժշտության պաշտոնական արգելք չկա։ 1990-ականների վերջին իրենց նախորդ կառավարման ժամանակ թալիբներն արգելել էին գործել հեռուստաալիքների, ռադիոկայանների, թերթերի մեծ մասին։