News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Պարոն Արշակյան, այն բանից հետո, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակված որոշմամբ արձանագրեց, որ Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե միջազգային մամուլում մեծ աղմուկ բարձրացավ եւ ներկայացվեց, թե դա Հայաստանի արձագանքն է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կալանքի օրդերի արձակմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք

Կարծում եմ, հարցի լավագույն պատասխանը տալիս է ժամանակագրությունը: ՀՀ կառավարությունը «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն է տվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, կառավարության հրապարակային նիստում: Հարցը ուղիղ եթերում զեկուցվել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից: Հստակ արձանագրվել է, որ սա Հայաստանի արձագանքն է Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքերին, մասնավորապես` սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինծառայողների կողմից գործած պատերազմական հանձագործություններին: Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա միջազգային քրեական դատարանում դնել Ադրբեջանի զինծառայողների գործած ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության հարցը: Շարունակելով ժամանակագրությունը` ընդգծեմ, որ կառավարությունը սահմանված կարգով հարցը ՍԴ քննարկմանն է ներկայացրել հունվարի 3-ին: Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահի վերաբերյալ որոշումը հրապարակել է մարտի 17-ին: ՀՀ ՍԴ-ն իր որոշումը շուրջ երեք ամսվա քննարկումից հետո հրապարակել է մարտի 24-ին: Ընդ որում, ՀՀ օրենսդրությամբ ՍԴ-ն որոշում պետք է կայացներ երեք ամսվա ընթացքում: Այդ որոշումը բացառապես իրավական է եւ պատասխանում է միայն մեկ հարցի՝ արդյո՞ք Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Նկատի ունեմ, ՍԴ որոշումը որեւէ մեկին որեւէ հարցում մեղավոր չի ճանաչում, որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում: Իսկ Հայաստանի կառավարությունը 2022թ. դեկտեմբերին իհարկե չէր կարող կռահել կամ կանխատեսել մարտին Միջազգային քրեական դատարանի կողմից կոնկրետ որոշումներ կայացնելու հավանականությունը եւ բովանդակությունը:

Բայց իշխող խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո եթե ՌԴ նախագահը այցելի Հայաստան, կձերբակալվի:

Մինչ իշխող խմբակցության պատգամավորի հայտարարությունը նմանատիպ հրապարակումներ կային ռուսական մամուլում: Սա չի նշանակում, թե ռուսական մամուլը դրանով իր ցանկություններն էր արտահայտում: Կարծում եմ մեր խմբակցության պատգամավորը տպավորվել է ռուսական մամուլի եւ սոցիալական ցանցերի հրապարակումներից, ինչի համար ցավում եմ: Բնականաբար՝ իշխող կուսակցությունը եւ թիմը նման մտադրություն կամ ցանկություն չունի:

Բայց խնդիրն այն է, որ եթե Հռոմի կանոնադրությունը վավերացվի, դա կլինի անխուսափելի:

Դա սխալ ընկալում է, որովհետեւ հենց այսօր մենք ունենք ստորագրված համաձայնագիր այլ երկրի հետ, համաձայն որի Հռոմի կանոնադրությունը մեր երկկողմ հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենալու: Նման կարգավորում կարող է լինել եւ Ռուսաստանի հետ: Բայց սա տարբերակներից ընդամենը մեկն է: Այլ տարբերակներ նույնպես կան: Մի բան ակնհայտ է, որ Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները մենք լսել ենք, եւ կարծում եմ կկարողանանք այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ