ԲԴԽ անդամների ընտրելու վերաբերյալ ոչ բոլոր դատարաններն են ծանուցումներ ստացել, ինչով որոշակիորեն խաթարվել է արդար ընտրություն կատարելու հնարավորությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:
«Թերահավատորեն կարելի է մոտենալ՝ Դատական դեպարտամենտը՝ ինքնուրո՞ւյն է որոշել՝ ինչպես պետք է ձեւավորվի ԲԴԽ-ն, եւ եթե ԲԴԽ-ն համաձայն չէ Դեպարտամենտի տրամաբանության հետ՝ միջոցներ ձեռնարկե՞լ է, թե՝ ոչ։ Ես այս բովանդակությամբ հարցեր եմ ուղղել ԲԴԽ-ին եւ դեռ պատասխաններ չեն ստացվել։ Տրամաբանությունն այն է, որ առաջին ատյանի բոլոր դատարանները պետք է ծանուցվեն, իսկ այս տրամաբանությամբ կստացվի, որ օրինակ՝ Երեւանի քրեական դատարանի, Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական դատարաններից ԲԴԽ անդամ երբեւէ չի կարող ընտրվել»,- նշեց դատավորը։
Դավիթ Հարությունյանը համոզված է, որ կընտրվեն արժանի թեկնածուները, որոնք կստիպեն, ինչպես ԲԴԽ որոշ անդամներ են նշում, խախտել միանձնյա կոնսենսուսը, որը բնավ հարիր չէ սահմանադրական խորհրդակցական մարմնին:
«Եթե հրապարակային հայտարարում են, որ առկա է բացարձակ կոնսենսուս այն մարմնում, որտեղ կա 10 անդամ, չգիտեմ՝ ինչ է նշանակում հակառակվող կամ առանձին կարծիք ունեցող որեւէ սուբյեկտ: Հնարավոր չէ՝ 10 իրավաբան, որոնք սովորել են տարբեր բուհերում, տարբեր ժամանակներում, կեսն էլ գիտնական է, կեսը՝ դատավոր, ունենան նույն կարծիքը եւ աշխատեն բացարձակ կոնսենսուսի պայմաններում։ Հայտարարության հեղինակ նշվում է որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատուն։ Համոզված եմ, որ Շաբոյանը չէ այդ տողերի հեղինակը։ Միակ մարդը ԲԴԽ համակարգում, որը լրատվամիջոցի հետ մերձավոր կապ ունի, Կարեն Անդրեասյանն է։ Այլ դատավոր ինձ հայտնի չէ»,- նշեց Դավիթ Հարությունյանը։
Դատավորն անթույլատրելի է համարում, որ ԲԴԽ նախագահի ընտրությունների նախօրեին դատավորի թեկնածուի հասցեին նման արտահայտություններ հնչեին։
«Ես Արշակ Վարդանյանին կբնորոշեի որպես անկախ եւ օբյեկտիվ դատավոր, իսկ այս հայտարարության հեղինակը բարեվարքության հետ լուրջ խնդիրներ ունի։ Ես կողմ եմ քվեարկելու Արշակ Վարդանյանին: Նրա դեպքում հավատում եմ, որ նա ապացուցել իր աշխատանքով, որ ի վիճակի է ինքնուրույն, անկախ եւ օրինական որոշումներբ կայացնել»,- ասաց Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ վերջին վեց ամսվա ընթացքում 20-ից ավելի դատավորի լիազորություններ դադարեցվել են ապօրինի կերպով։
«Վերջին մեկ տարվա ընթացքում Դատավորների միությունը հանդես է գալիս դատավորների անկախության, դատական իշխանության պաշտպանության դերերից, այն ինչ պետք է աներ ԲԴԽ-ն։ Եթե ԲԴԽ-ն պատշաճ չի կատարում այդ ամենը, դա էլ կարող է լինել լարվածության կամ հակասության առիթ»,- նշեց դատավորը։











