News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախարարների խորհրդի` հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան վերադարձնելու որոշումը բավարար չէ, որպեսզի Հայաստանը պատասխան քայլ կատարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով` Հայաստանն արդեն արտահայտել է իր հստակ դիրքորոշումը. «Թուրքիայի ղեկավարությունն իր մեջ քաղաքական ուժ եւ կամք պետք է գտնի` միջազգային պարտավորությունները կատարելու` արձանագրությունները վավերացնելու համար, հրաժարվելով վերջնագրերից եւ նախապայմաններից»:Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ տվյալ որոշումը  ԱՄՆ նախագահի կողմից Թուրքիայի վարչապետին արված` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջարկի հետեւանք է, Շարմազանովն ասաց. «Բնականաբար,  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալող կողմը պետք է հասկանար, որ միջազգային հանրության կողմից ճնշման կենթարկվի: Սակայն պետք չէ շտապել հայտարարություններով, թե ինչով էր թելադրված թուրքական կողմի որոշումը»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Թուրքիայի նախարարների խորհուրդը խորհրդարան է վերադարձրել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք օգոստոսի վերջին ի թիվս այլ օրինագծերի անվավեր էին ճանաչվել:Նշենք, որ օգոստոսի 22-ին Թուրքիայի խորհրդարանը ի թիվս այլ օրինագծերի անվավեր է ճանաչել նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին արձանագրությունները, որոնք ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ: Կառավարությունը որոշել է վերականգնել նախորդ օրենսդրական շրջանի 171 միջազգային համաձայնագրերից 166-ը, այդ թվում` հայ-թուրքական արձանագրությունները:Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության համաձայն, տվյալ օրենսդրական շրջանում վերջնական լուծում չգտած օրինագծերը համարվում են անվավեր: Այդպիսով, փաստաթղթերը հանվել էին Թուրքիայի օրենսդիր մարմնի օրակարգից, քանի որ ավարտվել էր 23-րդ օրենսդրական շրջանը: Սակայն, օրենքում կա մի կետ, ըստ որի` կառավարությունը կամ պատգամավորները օրինագիծը կարող են վերականգնել: Նշենք, որ ԱԳՆ ղեկավարների կողմից ստորագրվելուց հետո արձանագրությունները ներկայացվել էին խորհրդարաններին` վավերացման համար: 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր վավերացման գործընթացի դադարեցման մասին` նշելով, որ թուրքական կողմը պատրաստ չէ շարունակել երկխոսությունը Երեւանի հետ առանց նախապայմանների, ինչպես նախատեսված է արձանագրություններով: Միեւնույն ժամանակ Հայաստանը պահպանել էր ստորագրությունը արձանագրությունների տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ