19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
«Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետեւել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք՝ ավելի վաղ Sputnik Արմենիա-ի հետ զրույցում «Գեոպրոմայնինգ» ընկերությունից հաղորդել էին, որ ժամը 17:15-ի սահմաններում Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ փոխհրաձգություն է սկսվել:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:
Ըստ լրատվամիջոցների՝ վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:
Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը, կիրառել են ականանետային միջոցներ. ՊՆ




























