Սահմանապահ զորքերը այդ հնարավորությունները, ռեսուրսները չունեն՝ մեծ հարձակումների կամ զորային ինչ-որ խնդիրների կատարման համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կոռնիձորի կամրջից այս կողմ սահմանապահներ պետք է տեղակայվեն, մինչդեռ երեկ կանոնավոր բանակն էր կռիվ մղում ադրբջանցիների դեմ:

«Երբ ադրբեջանական կողմից մինչեւ ատամները զինված զինված ուժեր են, բնական է, որ նրանց դիմաց պետք է լինի ոչ թե սահմանապահ զորքը, այլ մեր բանակային ստորաբաժանումները: Ցավոք սրտի, ստիպված ենք բանակային ստորաբաժանումներ տանել այն վայրեր, որտեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բանակային ստորաբաժանումներ ունի: Որտեղ  նրանցը սահմանապահ է, իհարկե, համարժեք մերն էլ է սահմանապահ լինելու»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: