News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում օրերս Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը՝ Նարինե Ասատրյանը պնդում է, որ ինքը գիտակցված է այդ քայլն արել, իրեն ոչ ոք նման քայլի չի դրդել։

«Ես երկրի իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին: Ամեն օր զոհ ունենք, ամեն օր հող ենք կորցնում, դա հերի՞ք չի, որ ես գնամ այդ քայլին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նարինեն նշեց, որ հատուկ է  գնացել այն վայրը, որտեղ պետք է ժամաներ Փաշինյանը «Ես հատուկ, միտումնավոր գնացել եմ այնտեղ, որ հարվածեմ նրան: Ճիշտ է՝ անձրեւանոցը ես միտումնավոր չեմ վերցրել, որովհետեւ անձրեւ էր գալիս, բայց այդ պահին այդպես ստացվեց, որ անձրեւանոցը հատուկ հարվածելու նպատակով գցեցի նրանց կողմը: Նիկոլ Փաշինյանը իր կարեւոր գործերը թողած եկել, ասֆալտ էր ստուգում, ասֆալտ անողը թող էդ հարցով զբաղվի: Ադրբեջանցիները մտել են գյուղ, մարդկանց ցանած արտերում խրամատ են փորել, մարդկանց տներն են մտնում դա պատճառ է, որ ես նման վերաբերմունք ցույց տամ»:

Կինը նշեց, որ ինքնակամ է ներկայացել ոստիկանութուն. իր հանդեպ բռնություն չի կիրառվել:

Նարինե Ասատրյանն Արցախից տեղահանված է։ Նա ընտանիքի հետ 2000-ականներից վերաբնակեցվել է Բերձորում։ Ընտանիքը Բերձորից չի հեռացել մինչեւ նախորդ տարվա օգոստոսը, երբ Բերձորը վերջնականապես հանձնվեց ադրբեջանական վերահսկողությանը։ Նարինեն այժմ 7 երեխաների եւ ամուսնու հետ վարձով է բնակվում Մալիշկա գյուղում։ Թեեւ ընտանիքը դեռ չի լուծել տան հարցը, բայց Նարինեին դա ամենաքիչն է վրդովեցնում։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը պատրաստ է իրենց ընտանիքին տրամադրվելիք 10 միլիոն դրամը փոխանցել բանակին:

«Ես այդ գումարը սրտանց նվիրում եմ բանակին, ինձ տուն  պետք չի: Մեկնաբանություններում գրում են, որ ես գումարով եմ այդ քայլը արել, բայց նման բան չկա, դեռ ավելին՝ ես այդ գումարը սրտանց կփոխանցեմ բանակին: Էս երկրի վիճակը որ նայում ենք, ես տուն առնեմ, էդ տունն էլ եմ կորցնելու, ամեն օր զոհ ունենք»,- հավելեց նա:

Տպել
Ամենաշատ