Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ապրիլի 12-ին սպանված 57-ամյա պահնորդի հեռախոսի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի այն եղել է Հայաստանի պետական սահմանը հատած ադրբեջանցի երկրորդ զինծառայողի մոտ, դարձվել է քննության առարկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջեւանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Առաջին ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում: Նրան վնասազերծել են տեղացիները: Բնունիս եւ Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից՝ մոտ 20 կմ հեռավորությամբ:

Երկրորդ ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են քաղաքացիները: Նրան ճանապարհին նկատել եւ վնասազերծել են Աճանան գյուղի երեք երիտասարդները: Ըստ նրանց պատմելու՝ ադրբեջանցու ձեռքին եղել է սպանված պահնորդի հեռախոսը:

Սյունիքում սպանված 57-ամյա պահնորդի գործով քննվող հիմնական վարկածներից մեկը ադրբեջանցիների կողմից սպանությունն է

«Ձեռքին կոմբինատում սպանվածի հեռախոսն էր». ինչպես են Աճանանի երիտասարդները բռնել ադրբեջանցուն