News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազատ գյուղի կացարանում ողբերգական հրդեհից զոհված 15 զինծառայողների ծնողները, որոնք այս պահին փակել են Երեւան- Սեւան մայրուղին հայտնեցին, որ օրեր առաջ հանդիպել են գործով դատախազի հետ, որն իրենց ոչինչ չի հայտնել գործի ընթացքից: Այս մասին նրանք հայտնեցին իրենց մոտեցած Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին:

«Այս հանդիպումը մեզ ոչինչ չի տվեցլ, դեռ մի բան էլ իրենք էին մեզնից տվյալներ ուզում: Վարչապետն ասում է՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է, առանձնապես բան չկա պարզելու, իրա համար պարզ է, մեզ համար պարզ չի: Թող գա, ներկայացնի, մեր համար էլ պարզվի, իմանանք՝ մեր երեխեքը ինչ պայմաններում են մահացել»,-ասաց զոհվածի հարազատը:

Մեկ այլ հարազատ էլ նշեց, որ իրենց խեղաթյուրված իրականությունը պետք չէ, իրենք ցանկանում են ճշմարտությունը իմանալ:

Գործով փաստաբան Նորայր Նորիկյանն էլ ասաց, որ իրենց ոչ թե քննչական գործողությունների արդյունքներն են հետաքրքրիր քննարկել, այլ այն, որ ծնողները դեռ օրեր առաջ հանդիպում են պահանջել վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ, որը սակայն չին  կայացել. «Մեզ հայտնեցին, որ այս փուլում նպատակահարմար չեն գտնում, որ վարչապետը հանդիպի ծնողների հետ: Հիմա դուք փոխանցեք, որ ծնողները ցանկանում են հանդիպել, եթե հիմա իրենք չեն գալիս այստեղ, շատ լավ, թող օր ու ժամ ասեն ծնողները պատրաստ են, բայց ողջամտության սահմաններում թող օր նշանակեն, մենք էլ բացենք ճանապարհը»:

Գեղարքունիքի մարզպետ Սարգսյան ասաց, որ ինքը կփորձի, սակայն սա հարցերը լուծելու մեթոդ չի, ինչին հարազատները արձագանքեցին, որ իրենք քաղաքակիրթ դիմել են, սակայն արդյունքի չեն հասել:

«Մինչեւ մենք չունենանք պատասխան կոնկրետ այս երկու օրվա մեջ մեզ հետ հանդիպման, մենք այստեղից գնացողը չենք»,-ասաց ծնողներից մեկը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրվում են հինգ սպաներ։ Թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, ինչն առաջացրել է 15 զինծառայողների մահը, եւս կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտան Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ է եկել ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։ Տղաներից որոշները ողբերգությունից օրեր առաջ ծնողներին ասել են, որ իրենց եւ սպաներից մեկի միջեւ ծեծկռտուք է եղել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
«Որ պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»․ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ․․․
«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան
Ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․․․
15 զոհված զինվորների ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է
Կիրակոսյանը չբացառեց, որ իշխանությունները թաքցնում են ադրբեջանական դիվերսիայի փաստը, քանի որ չեն...
Ամենաշատ