News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մենք հասնելու ենք այն բանին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունեն մեզ ու տան մեր հարցերի պատասխանները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Ազատ գյուղի կացարանում հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանի հայրը։

Ծնողի խոսքով՝ այսքան ժամանակ բազմաթիվ նամակներ են ուղարկել Կառավարությանը՝ նրանց հետ հանդիպման խնդրանքով, սակայն՝ ապարդյուն։

«Ներողություն ենք խնդրում քաղաքացիներին անհարմարություն պատճառելու, մեր խնդիրներով ծանրաբեռնելու համար, բայց այսօր այլ տարբերակ չի մնում։ Խնդրում ենք քաղաքացիներին միանալ մեր պայքարին։ Մենք պետք է իրենց հարցնենք՝ ինչո՞ւ մարդկային պայմաններում չէին ծառայում զինվորները, ո՞վ է իրենց զեկուցել, որ բանակում ամեն ինչ լավ է։ Մենք իրենց երեխա ենք վստահել, իրենք մեզ հետ պետք է խոսեն, բացատրեն, թե ով է մեղավորը մեր երեխաների մահվան համար։ Մենք պայքարելու ենք՝ մինչեւ կիմանանք մեր երեխաների մահվան իրական պատճառը»,- ասաց Արման Բարսեղյանը։

Զոհվածի հայրը նշում է՝ ծնողներն ամեն օր իրար կողք են համադրում պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկությունները, սեփական հետաքննության արդյուքները եւ հակասությունները ու համոզվում, որ իրենց երեխաներին ինչ-որ բան խանգարել է արթնանալ եւ փրկվել այրվող կացարանից։

«Չի կարող պատահականություն լինել, որ կապիտանն ամբողջ ընթացքում վառարան չի վառել, կացարան չի եկել, բայց այդ օրը վառել է։ ԱԻՆ թիմը պարտավոր էր տղաներին նկարել նախքան հանելը, բայց դա չի արել։ Իրենք ասում են, որ պառկած չեն եղել, բայց ծնողներից շատերն իրենց երեխաներին պառկած դիրքում են տեսել դիահերձարանում։ Կացարանի մահճակալները եղել են կորացած, եթե տղաները դրանց վրա պառկած չլինեին, ծանրությունից դրանք չէին ճկվի»,- նշեց Գագիկի հայրը։

Արման Բարսեղյանի խոսքով՝ հնարավոր չէր լինի, որ տղաները չկարողանային արթնանալ այն րոպեների ընթացքում մինչեւ կրակն իրենց էր հասնում։

«Պաշտոնական հաղորդագրությունում նշված ժամից մոտ 20 րոպե առաջ տղաներից մեկը զանգ է կատարել։ Ստացվում է՝ այդ քսան րոպեի ընթացքո՞ւմ են խորը քուն մտել։ Հնարավոր չէ 15 հոգի նման կերպ քնած լինեին, գոռոցներից, ծխից չարթնանային։ Եթե արթուն լինեին, իրար փրկելով դուրս կգային։ Իրենք շմոլ գազի թունավորումից, այրվածքային շոկից չեն մահացել, չենք հավատում փորձաքննության արդյունքներին, կրկնակի փորձաքննություն ենք պահանջելու, արտաշիրիմում ենք անելու։ Գուցե մեր երեխաներին թշնամին է սպանել, գուցե ինչ-որ բան են իմացել, իրենց վերացրել են դրա համար, կոնկրետ չգիտեմ՝ ինչ է կատարվել, բայց հաստատ հրդեհից չեն մահացել»,- նշեց Արման Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ

Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, դուրս է գրվել հիվանդանոցից եւ կալանավորվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
«Որ պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»․ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ․․․
«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան
Ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․․․
15 զոհված զինվորների ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է
Կիրակոսյանը չբացառեց, որ իշխանությունները թաքցնում են ադրբեջանական դիվերսիայի փաստը, քանի որ չեն...
Ամենաշատ