Մենք այստեղից չենք հեռանալու մինչեւ Նիկոլ Փաշինյանը մեզ չընդունի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ազատ գյուղի կացարանի հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի մայրը՝ Արմինե Աղախանյանը։
«Երեք ամիս լռեցինք՝ բավական է։ Ինքը պարտավոր է մեզ ընդունի։ Գերագույն հորթ, չեմ վախենում ասել՝ ինքը մարդ չէ։ Ինքն ամեն օր իր չորս երեխաներին գրկում է, իսկ մենք ամեն գիշեր արցունքներով պառկում ենք, մեր տղաների նկարներին ենք նայում։ Մեր երեխաներին սպանել են։ Ինչո՞ւ էր կապիտանը երեխաների համար կրակ վառում, իրենց մոտ երբեք կապիտան չի եղել։ Երեխաները միշտ մենակ են եղել։ Ինքը հատուկ գնացել է մեր երեխաներին վառելու համար»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Նրանք փակեցին Տիգրան Մեծի պողոտան, ինչից որոշ ժամանակ անց նրանց վստահեցրին պահանջը փոխանցել Կառավարության նիստի ավարտից հետո։ Ծնողները ժամանակավորապես բացեցին ճանապարհը։
Նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։
Զոհվածների ծնողները նշում են, որ բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին եւ Պապիկյանին, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։