
Վստահ չեմ, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում կկարողանան որեւէ էական առաջընթաց գրանցել։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցում, մայիսի 4-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
ԱՄՆ-ում, նրա խոսքով, առաջընթաց են համարում հենց բանակցությունների փաստը եւ դրանց եռօրյա ժամկետը։ «Այլ առաջընթաց ես չեմ պատկերացնում։ Առնվազն մեզ համար։ Քանի որ հայկական կողմի համար առաջընթաց կարող է համարվել միայն փաստաթղթում Արցախի ինքնորոշման հարցի ներառումը»,- ասել է Թովմասյանը։
Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշել է. հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է ստորագրի փաստաթուղթ, որը կնախատեսի Արցախի հանձնում Ադրբեջանին ցանկացած կարգավիճակով։ Թովմասյանի համար էլ ավելի անընդունելի է Արցախի բնակչությունը որպես Ադրբեջանի էթնիկ փոքրամասնություն դիտարկելը, ինչպես նաեւ նրանց իրավունքների քննարկումը խաղաղ գոյակցության համատեքստում։