
Առավոտյան լուրերում հայտնեցին, որ հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց ու փոխըմբռնում է գրանցվել։ Բայց որքան շատ են ներկայիս իշխանությունները խոսում առաջընթացի մասին, այնքան շատ ենք ողբերգական հետընթաց ապրում։ Մայիսի 4-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ հավանաբար նկատի ունենալով սոցցանցում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի ձայնագրությունը։
Գործող իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը, պատգամավորի կարծիքով, ըստ էության, փաթեթային կապիտուլյացիա է։ Այսինքն՝ հրաժարվել ամեն ինչից ։ «Սա ամբողջ մեղքը «նախկինների» վրա բարդել է եւ ինչ-որ նոր պետության ձեւավորում, որի ապագան իրենք էլ չեն պատկերացնում»,- ասաց Խաչատրյանը։
Ընդդիմությունը, ինչպես նշեց պատգամավորը, լուրջ մտահոգություններ ունի, որ իշխանությունները «փաթեթային կապիտուլյացիայով» փաստաթուղթ կստորագրեն։