
Այս շաբաթ Արեգակնային համակարգում հօդս է ցնդել Յուպիտերի՝ որպես ամենամեծ թվով արբանյակներ ունեցող մոլորակի փառահեղ տիրապետության միտքը. գիտնականները հաստատել են Սատուրնի շուրջ պտտվող 62 նոր արբանյակի հայտնաբերումը, ինչի արդյունքում մոլորակի շուրջ պտտվող արբանյակների ընդհանուր թիվը հասել է 145-ի։ Այս մասին գրել է «Новая наука»-ն։
Յուպիտերի հաստատված արբանյակների թիվը 95 է։ Սատուրնը դարձել է առաջին եւ միակ մոլորակն Արեգակնային համակարգում, որն ավելի քան 100 հայտնի արբանյակ ունի։ Միջազգային հետազոտողների թիմն իր բացահայտման համար օգտագործել է Կանադա-Ֆրանսիա-Հավայներ հեռադիտակի (Հավայների Մաունա-Կեա բարձունքում, 2019-2021թթ. ընթացքում)։ Ուսումնասիրելով բազմաթիվ լուսանկարների տվյալները, որոնք արվել են դիտարկման 3-ժամյա պատուհանների ընթացքում, թիմը հայտնաբերել է 62 արբանյակ, որոնք մինչ այդ կամ չափազանց փոքր էին, կամ չափազանց աղոտ հայտնաբերվելու համար։
Այդ արբանյակներից մի քանիսի լայնությունը կազմում է ընդամենը 2,5 կիլոմետր։ Վեջերս հայտնաբերված բոլոր 62 արբանյակները «սխալ արբանյակներ» են, այսինքն՝ դրանք շարժվում են հեռավոր, էլիպսաձեւ ուղեծրով իրենց մոլորակի շուրջ եւ հաճախ ռետրոգրադ շարժում են կատարում, կամ այն ուղղությամբ, որը հակառակ է Սատուրնի պտույտին։ Հետազոտողների խոսքով՝ այդ փոքրիկ տարօրինակ արբանյակներից շատերը միասին հավաքվում են միանման ռետրոգրադ ուղեծրերում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք կարող էին առաջանալ ավելի խոշոր արբանյակից, որը տրոհվել է միլիոնավոր տարիներ առաջ։ Սպասվում է, որ նոր արբանյակները կճանաչվեն այս ամսվա վերջին Միջազգային աստղագիտական միության կողմից, որը բաղկացած է 12 000 գիտնականներից, որոնք, մասնավորապես, պատասխանատու են երկնային մարմինների հայտնաբերման համար։