
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի կառավարությանը հանձնարարել է մշակել Ռուսաստանի Դաշնությունում ավտոմոբիլային զբոսաշրջության հայեցակարգ։ Ինչպես հայտնում է Коммерсант-ը՝ հղում անելով Կրեմլի կայքին, նախարարների կաբինետը պետք է դա անի մինչև 2023 թվականի հունիսի 15-ը։
Հայեցակարգի շրջանակում առաջարկվում է Սանկտ Պետերբուրգ-Վլադիվոստոկ երթուղու երկայնքով ավտոտուրիզմի իրականացման փորձնական նախագիծ, որը ներառում է Ռոսիա (Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ) և Վոստոկ (Մոսկվա-Կազան) դաշնային մայրուղիները։
Ռուսաստանի Դաշնության նախագահն առաջին անգամ հրապարակավ հայտարարեց երկրում ավտոտուրիզմի զարգացման անհրաժեշտության մասին 2022 թվականի հուլիսին АСИ «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակի համար» ֆորումում։ Նրա կարծիքով՝ նման զբոսաշրջային ուղղության զարգացումը պետության կողմից լրացուցիչ ջանքեր է պահանջում։ Վլադիմիր Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել Ռուսաստանում ճամբարների զանգվածային ստեղծման անհրաժեշտության վրա։