News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հենրի Քիսինջերը The Economist պարբերականի հարցազրույցում ԱՄՆ-ն եւ Չինաստանն անվանել է աշխարհի եւ մարդկության գոյության գլխավոր սպառնալիքը, քանի որ նրանք վարում են միմյանց դեմ հակամարտության քաղաքականություն։

Քիսինջերը հույս է հայտնել, որ եթե ԱՄՆ եւ Չինաստանի ղեկավարները հանդիպեն, հավակնությունները թվարկելու փոխարեն ԱՄՆ նախագահը կասի. «Պարոն (Չինաստանի) նախագահ, աշխարհի գլխավոր սպառնալիքներն այժմ մենք երկուսս ենք։ Այն իմաստով, որ մենք մարդկությունը ոչնչացնելու հնարավորություն ունենք։ Կարծում եմ՝ արժե, որ մենք պայմանավորվենք այն մասին, որ փորձենք խուսափել նման իրավիճակից»,- ասել է Քիսինջերը։

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունների ընթացիկ իրավիճակը չափազանց վտանգավոր է եւ հիշեցնում է իրադրությունն Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, երբ կողմերը «քաղաքական զիջումների զգալի հնարավորություններ չունեն, իսկ հավասարակշռության ցանկացած խախտում կարող է աղետալի հետեւանքներ ունենալ»։ Նրա կարծիքով՝ Թայվանի շուրջ հնարավոր ռազմական հակամարտության հետեւանքով կվերացվի ինչպես կղզին, այնպես էլ համաշխարհային տնտեսությունը, որը կզրկվի միկրոպրոցեսորների մատակարարման աղբյուրներից։

«Մենք կանգնած ենք մեծ տերությունների դիմակայության ճանապարհին։ Եվ անհանգստանալու առիթներին ավելանում է նաեւ այն, որ կողմերից յուրաքանչյուրն իրեն համոզել է, որ մյուսը ռազմավարական սպառնալիք է ներկայացնում»,- նշել է Քիսինջերը։

Նա խորհուրդ է տվել  երկու կողմերին փորձել լիցքաթափել լարվածությունը Թայվանի շուրջ ավելի զգուշավոր հռետորաբանության եւ խորհրդականների խմբերի ստեղծման միջոցով։ Քիսինջերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է ստուգել, թե արդյոք Չինաստանի ներկա իշխանությունները տրամադրված են ավելի արմատական, քան նախորդները, եւ շարունակի «պահել հավասարակշռությունն» աշխարհում։

Սպիտակ տունը պետք է  երկխոսություն սկսի Պեկինի հետ, սակայն այդ մոտեցումը կարող է անհաջողության մատնվել, նախազգուշացրել է դիվանագետը։ Ուստի ԱՄՆ-ն, համենայն դեպս, պետք է բավական ուժեղ լինի ռազմական առումով, որպեսզի հաղթահարի ձախողման հետեւանքները, նշել է Քիսինջերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ