
Մենք Արցախում չենք ենթարկվի եւ չենք համաձայնի այն քայլերին, որոնք կատարում է Ադրբեջանը եւ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, քանի որ դա անընդունելի է Արցախի ժողովրդի եւ ողջ աշխարհի հայության համար։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի «Անվտանգության եւ զարգացման ճակատի» համակարգող, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը չի կարող որոշվել միայն մեկ խմբի կողմից, որը վերահսկում է երկիրը։
Սա կուսակցական կամ կառավարչական խնդիր չէ, դա մեր ժողովրդի սկզբունքային խնդիրներից է։ Լավ կլիներ, եթե հայտարարություններին հաջորդեին հստակ ու հասկանալի քայլեր։ Ի՞նչ է նշանակում պայքարել, չընդունել, չհամաձայնել, ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը։ Այս դիրքորոշումը պետք է հստակեցնել։
Կարեւոր է, որ աշխարհը զգա, որ Հայաստանում չկա անտարբերության մթնոլորտ, որը փորձում են ստեղծել, որ, իբր, Արցախի հարցը փակված է, եւ Արցախի հարցը ոչ մեկին չի հետաքրքրում»,- հավելեց Վարդանյանը։