
Պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանին է ներկայացրել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր: Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանի գրասենյակը:
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 22-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Պաշտպանը դեսպանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի և ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:
Իր հերթին, դեսպանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ շատ է կարևորում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ինստիտուտի հետ արդյունավետ փոխգործակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։