Սեւանա լճի մակարդակն այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ 1900,34 մ է, ինչի շնորհիվ առաջացել են հիմնախնդիրներ, կապված ափամերձ անտառապատ ջրածածկված տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ: Այդ մասին նշված է բնապահպանության նախարարության կողմից կառավարություն ներկայացրած Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման եւ պահպանման ծրագրում;
Ջրի տակ մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները աղտոտում են ջուրը: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաեւ ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները եւ ենթակառուցվածքները:
Ջրի բարձր որակն ապահովելու համար կարեւոր է կտրուկ բարելավել վիճակը` կապված մեծ քանակի չմաքրված կեղտաջրերի լիճ թափվելու հետ: Սակայն լճի շրջակայքում առկա ոչ բոլոր մաքրման կայաններն են գործում:
Սեւանա լճի ձկնաշխարհն աչքի է ընկել ինքնատիպությամբ: Սակայն լճի մակարդակի իճեցումը, կենսապաշարների գերօգտագործումը եւ դրանց կանոնավոր մոնիթորիրնգի բացակայությունը նպաստեցին լճի կենսաբազմազանության փոփոխմանը, ձկնապաշարների կտրուկ անկմանը` էնդեմիկ ձկնատեսակների, հատկապես Սեւանի իշխանի ենթաթեսակների անհետացմանը եւ սիգ ձկնատեսակի արդյունագործական ծավալների նվազեցմանը: Հայաստանի Կարմիր գրքի /2010թ/ մեջ են գրանցվել Սեւանի իշխանը, Սեւանի կողակը եւ Սեւանի բեղլուն: Ձկնատեսակների թվաքանակի կրճատման հետեւանքով լճային էկոհամակարգում տեղի է ունենում օրգանական նյութերի ինտենսիվ կուտակում եւ ճահճացմանը հանգեցնող գործընթացների արագացում, ինչը եւս բացասաբար է անդրադառնում Սեւանի ջրային էկոհամակարգի վրա: Ներկայումս հիմնական խնդիրը լճում բնական եւ արհեստական եղանակներով էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի մեծացումն է մինչեւ կայուն ու կենսունակ աստիճանի: