News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հարյուրավոր մասնակիցների հետ գիշերել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հրապարակում են եղել նաեւ ՀԱԿ-ի ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը, «Հանրապետության» կուսակցության վարչության անդամ Սուրեն Աբրահամյանը եւ այլք:

Սուրեն Աբրահամյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում տեղեկացրեց, որ գիշերվա ընթացքում որեւէ միջադեպ չի արձանագրվել, ոստիկանները չեն խոչընդոտել հանրահավաքի մասնակիցների գործողությունները:

Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի այցելությանն Ազատության հրապարակ, Սուրեն Աբրահամյանը տեղեկացրեց, որ նրանք հրապարակում խոսել են միայն ոստիկանական համակարգի աշխատակիցների հետ, իսկ ընդդիմադիրների հետ չեն զրուցել:

Ոստիկանության պնդումը, թե հանրահավաքի մասնակիցների գործողություններն օրինական դաշտից դուրս են, Ս. Աբրահամյանը հակադարձեց, որ ոստիկանները հղում են անում օրենքի միայն մի մասին, մինչդեռ իրենց գործողությունները օրենքի շրջանակներում են եւ Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ ընթերցել է օրենքի համապատասխան հոդվածը: Այս պահին Ազատության հրապարակում մթնոլորտը խաղաղ է, փոքրաթիվ ոստիկաններ հսկում են տարածքը, որտեղ տասնյակ վրաններ կան:

Ընդդիմադիր գործիչը նշեց, որ իրենք բազմաթիվ տեղեկություններ են ստանում, որ մարզերից Երեւան ճանապարհները փակ են, «սակայն, չնայած դրան, մարդկանց հոսքը դեպի Ազատության հրապարակ չի դադարում»:

«Փառք ու պատիվ նրանց, ովքեր այս գիշեր, անձրեւի տակ գիշերել են Ազատության հրապարակում»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամն ու հավելեց.«Վաղն էլ, մյուս օրն էլ այստեղ ենք լինելու, մինչեւ իշխանությունները խելքի գան եւ իրավիճակը մեղմելու համար խելքը գլխին առաջարկություններ ներկայացնեն»:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է բողոքի անընդմեջ ակցիա սկսելու մասին: Հայ ազգային կոնգրեսը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է պահանջում: Միաժամանակ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել շարունակել իշխանությունների հետ առկախված երկխոսությունը: Հոկտեմբերի 1-ին, ժամը 15-ին մեկնարկելու է հերթական հանրահավաքը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ