News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մայիսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արգենտինայի Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ, որը ղեկավարում էր Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ ակտիվացող փոխգործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել նպաստել քաղաքական երկխոսության խորացման դրական դինամիկային: Երկուստեք ընգծվել է, որ 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ բարեկամական խմբի առաջին այս այցը կարող է նոր խթան հաղորդել տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա ակտիվացմանը: Զրուցակիցները կարեւորել են նաեւ Արգենտինայի հայ համայնքի դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։

Քննարկվել են տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցեր: Երախտագիտություն հայտնելով ՀՀ համար առանցքային նշանակության հարցերում Արգենտինայի օրենսդիր մարմնի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումների համար՝ նախարար Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից շարունակական հետեւողական քայլերի կարեւորությունը: Երկուստեք կարեւորվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրների հանգուցալուծումը:

Վերահաստատելով տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ այդ ուղղությամբ առաջընթաց գրանցելու հարցում խիստ կարեւոր է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարումը, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ պարունակող ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ