
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մայիսի 30-ին՝ այսօր առավոտյան հայտնել էր Ռուսաստանի մայրաքաղաքի վրա անօդաչուների հարձակման մասին։
Նրա խոսքով այսօր վաղ առավոտյան Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւանքով աննշան վնասվածքներ են տեղի ունեցել։
Ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով, արտակարգ ծառայությունների աշխատանքի ընթացքում միջոցներ են ձեռնարկվել անօդաչու թռչող սարքից տուժած երկու շենքերի մի քանի մուտքերի բնակիչներին տարհանելու համար։
Նա հավելել էր, որ երկու անձ դիմել է բուժօգնության համար, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել։
Ավելի ուշ, ինչպես հայտնել էր «Ինտերֆաքս»-ը, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները խոցել են ութ անօդաչու թռչող սարքեր, որոնցով Կիեւը նախատեսում էր գրոհել Մոսկվայի օբյեկտները։
Ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ երեք անօդաչու թռչող սարքեր խոցվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, կորցրել են կառավարումը եւ շեղվել նախատեսված թիրախներից։ Եվս հինգ անօդաչու թռչող սարք Մոսկվայի մարզում խոցվել է «Պանցիր-Ս» հրթիռաթնդանոթային համակարգով։
Ըստ լրատվամիջոցների՝ վաղ առավոտյան պայթյունների ձայները ցնցել են Մերձմոսկվան՝ Օդինցովոն, Կրասնոգորսկը եւ Բարվիխան, իսկ Նովայա Ռիգայի երկնքում անօդաչու սարքեր են նկատվել։ Ռոսավիացիան հայտնել է, որ Մոսկվայի եւ տարածաշրջանի բոլոր օդանավակայաններն աշխատում են բնականոն հունով։ Դոմոդեդովոյի ներկայացուցիչը հայտնել է, որ օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարք չի գրանցվել։
Իր հերթին Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտարարել է հակաօդային պաշտպանության գործարկման մասին։ ՌԲԿ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անօդաչու սարքերը խոցվել են Մերձմոսկվայի Օդինցովոյի, Իստրայի եւ Կրասնոգորսկի շրջաններում։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ուղիղ ռեժիմով տեղեկատվություն է ստացել Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետ կապված իրավիճակի մասին, գրում է «Կոմերսանտ»-ը։
«Բոլորը պատշաճ կերպով աշխատել են։ Լավ են աշխատել։ ՀՕՊ համակարգը նույնպես լավ է աշխատել։ Միանգամայն պարզ է, որ խոսքը Կիեւի ռեժիմի գործողությունների մասին է՝ ի պատասխան որոշումների կայացման կենտրոններից մեկի վրա մեր շատ արդյունավետ հարվածներին։ Այս հարվածն իրականացվել է կիրակի»,- ասել է Կրեմլի խոսնակը։