News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում արդեն երկրորդ անգամ Ժողովրդավարության հայկական ֆորումի անցկացումը վկայությունն է նրա, որ Հայաստանն անշեղորեն եւ հաստատակամությամբ ոտք է դրել ժողովրավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների ուղու վրա, եւ այդ քայլն անդառնալի է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Մեր հանրապետությունն ի ստեղծման օրից հռչակեց իր հավատարմությունը ժողովրդավարական  ու համամարդկային արժեքներին ու սկզբունքներին:

Անկախության տարիներին ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում կերտվում էր բազմաթիվ ու տարաբնույթ խոչընդոտների, պետական կառավարման ապարատում արատավոր երեւույթների, կիսապատերազմական իրադրության, անվտանգության լրջագույն մարտահրավերների պայմաններում: Բայց ի պատիվ ՀՀ քաղաքացիների, այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն արդեն կայացած փաստ է մեր երկրում:

Իհարկե, 2020-ի պատերազմը, դրան հաջորդած արտաքին ու ներքին քաղաքական խնդիրներն ու մարտահրավերները լուրջ փորձություն էին ժողովրդավարության գաղափարների համար: Բայց ամենակարեւորն այս իրադրության մեջ այն էր, որ ՀՀ իշխանությունները չնահանջելով ժողովրդավարության էությունից ու սկզբունքներից,  գնացին խնդիրների հանգուցալուծման ամենաժողովրդավարական ճանապարհով: Նկատի ունեմ 2021-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները»,-հայտարարեց ՀՀ նախագահը:

Նա ընդգծեց, որ մեր երկրի արտաքին մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի առկայության պայմաններում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգության խնդիրներին. «Ամենաբարձր մակարդակով անտեսվել է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որը փորձ է արվել ներկայացնել որպես սպառնալիք: Նման հակադրությունը ոչ միայն անհիմն է, այլեւ հակառակը՝ ժողովրդավարությունը պետության ամրության եւ հզորացման առաջնային երաշխիքներից է: Ի վերջո, Հայաստանի անկախության հանրաքվեն, առաջին խորհրարանական ու նախագահական ընտրությունները կայացել են մեզ պարտադրված պատերազմի պայմաններում: Ասել է, թե մեր պետությունն ինչ-որ իմաստով նաեւ ժողովրդավարության ծնունդ է: Նույն իրավիճակն է նաեւ այսօր:

Ես հավատացած եմ, որ ժողովրդավարությունն է այն զենքը, որով մենք կարող ենք եւ պետք է ներկայանանք աշխարհին:

Ժողովրդավարությունը ենթադրում է նաեւ խաղաղություն, քանի որ առանց դրա հնարավոր չէ կամ շատ դժվար է ունենալ կայացած ժողովրդավարական ինստիտուտներ: Այս առումով Հայաստանը հաստատակամորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն եւ դեպի խաղաղություն»,-ընդգծեց Վահագն Խաչատուրյանը:

Տպել
Ամենաշատ