
Գերմանիայի իշխանությունները ահաբեկչության ֆինանսավորման հետաքննության շրջանակում կալանավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման յոթ ենթադրյալ աջակիցների, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դատախազությանը։
Միեւնույն ժամանակ իշխանությունները 19 ստուգայց են իրականացրել Բադեն-Վյուրտեմբերգում, Բրեմենում, Համբուրգում, Հեսսենում, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում եւ Ռեյնլանդ-Պֆալցում, ինչպես նաեւ Նիդեռլանդներում գտնվող մեկ շրջանում, ասվում է դաշնային դատախազության հայտարարության մեջ:
Կալանավորվածները կասկածվում են միջազգային ցանցին պատկանելու մեջ, որը Սիրիայում ֆինանսական նվիրատվություններ է հավաքել «Իսլամական պետության» համար, այդ թվում՝ Telegram-ի միջոցով, այնուհետ դրանք փոխանցել խմբավորմանը կամ նրա միջնորդներին:
Դատախազների խոսքով՝ այս եղանակով առնվազն 65 000 եվրո է փոխանցվել, այդ գումարն օգտագործվել է Սիրիայում բանտարկված ԻՊ անդամներին աջակցելու համար՝ որոշ դեպքերում օգնելով նրանց փախչել բանտային ճամբարներից։