News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակույթների երկխոսություն» Հ/Կ-ն «Կերպարվեստի նախագծեր»-ի շրջանակում 2023 թվականի հունիսի 1-ից նոյեմբերի 30-ն իրականացնելու է «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե. Երևան 2023» նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի կունենա «Հայաստանը` տարածաշրջանում Գեղարվեստական տպագրության կենտրոն» գեղարվեստական տպագրության միջազգային համաժողովը, որին ներկա կլինի ավելի քան 50 փորձագետ՝ 30 երկրից։ Փորձագետները հանրությանը կներկայանան զեկույցներով, իսկ մասնագիտական հանրույթին, արվեստի բուհերի ուսանողներին և կայացած փորագրանկարիչներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու միջազգային ճանաչում վայելող վարպետների և անվանի արվեստագետների կողմից անցկացվող վարպետության դասերին,  հանդիպելու և քննարկելու Հայաստանում և աշխարհում տիրող ժամանակակից արվեստի ու գեղարվեստական տպագրության ուղղությունները և փորձառությունները։  

Թանգարանների աշխատակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու միջազգային տարբեր կառույցներում տպագրական թերթերի պահպանման և հանրահռչակման պայմաններին և մեթոդներին՝ միևնույն ժամանակ միջազգային մասնագետներին ներկայացնելու հայկական հարուստ մշակույթը և թանգարանային հավաքածուները։

Նշենք, որ Հայաստանում իրականացվող Գեղարվեստական տպագրության երեք միջազգային բիենալեները ձեռք են բերել լայն ճանաչում գեղարվեստական տպագրության ոլորտում և Հայաստանը դարձրել տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն:

Բիենալենի շնորհիվ Հայաստանը տարեցտարի դառնում է միակ մասնագիտական հարթակը ինչպես հարևան երկրների մասնագետների, այնպես էլ միջազգային ճանաչում վայելող արվեստագետների համար։

Բացառիկ կարևորություն է ներկայացնում միջազգային և տեղացի մասնագետների փորձի փոխանակման շարունակականությունը, որի համար արդեն 5 տարի հարթակ է հանդիսանում Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեն։ 

Տպել
Ամենաշատ