News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինչպես հայտնի է, զբոսաշրջությունը հայտարարված է Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից: Ներկայումս ոլորտը գտնվում է մասնավոր հատվածում, սակայն պետությունը հնարավորի սահմանում խթանում է  առաջընթացը` օտարերկրացիների համար ընդունելի չափանիշների հասնելու համար:

Մի ժամանակ որոշվել էր հատուկ հետազոտություն իրականացնել` պարզելու մի շարք հարցերի վերաբերյալ օտարերկրյա զբոսաշրջիկների վերաբերմունքը: Միջոցառումն անցկացվեց, արդյունքները հրապարակվեցին,  իսկ թե ինչպես արձագանքեց ոլորտն այդ հրապարակմանը, մնաց «կադրի ետեւում»:

Սակայն հարց է առաջանում` որքանո՞վ կարելի վստահել նման հետազոտություններին: Հայտնի է, որ զբոսաշրջիկների տպավորություններն այլ են հյուրընկալ երկրում, այլ` հայրենիքում: Զբոսաշրջիկը լիարժեք «բացվում» է հայրենիքում` տուն վերդառնալուց հետո, երբ տպավորություններով կիսվում է հարազատների ու ընկերների հետ: Հենց դա էլ կոչվում է մուլտիէֆեկտ:

Եւ ահա, վերջերս առիթ ունեցա մասնակցել եկեղեցում կազմակերպված նմանատիպ մի քննարկման` գերամանացի զբոսաշրջիկների մասնակցությամբ: Գերմանացիները հայտնի են իրենց մանրակրկիտությամբ` այդ բառի լավ իմաստով, եւ միջոցառմանը եւս խնամքով էին պատրաստվել:

Զբոսաշրջիկների այդ խմբին, որոնք հիմնականում տարիքով կանայք էին,  հնագույն քրիստոնեական երկիր Հայաստանում առաջին հերթին  հետաքրքրում էին կրոնական հարցերը, անօթեւանների, ծերերի, որբերի  եւ հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքը: Սակայն ամեն ինչ հերթով...

Այսպես, ձեռք բերելով  ճանապարհորդական ուղեգիր եւ ավիատոմս, օգոստոսին նրանք ժամանաել էին Հայաստան: Շեղվելով հիմնական թեմայից, նշենք մի զարմանալի փաստ. Հայաստանի ավիատոմսի արժեքը, ներառյալ զբոսաշրջիկների համար նախատեսված զեղչերը, կազմել են մոտ 328 եվրո, մինչդեռ  Հայաստանից ամենաէժան տոմսը դեպի Գերմանիա այս ամիս եղել է 730 եվրո, այսինքն` կրկնակի ավելի:

Խնդիրն այն է, որ եվրոյից դրամ հաշվարկը կատարվում է  ոչ թե Հայաստանում առկա փոխարժեքով, այլ եվրոպական երկրների փոխարժեքով: Այնտեղ մեր ազգային արժույթը ավելի «թեթեւ»  է,  սակայն կան այլ գործոններ եւս, բայց դա առանձին հրապարակման թեմա է:

Ժամանելով Հայաստան` հյուրերի առաջին տպավորությունը «Զվարթնոց»  միջազգային օդանավակայանից է եղել, որը բեռլինյան օդանավակայանի համեմատ թեեւ բավականին փոքր է, բայց հաճելիորեն զրամացրել է ժամանակակից դիզայնով:

Ինչպես հայտնի է, հայրենական զբոսաշրջային ինդուստրիան  մշտապես քննադատվում է ԶԼՄ-ների կողմից: Քննադատությունը հիմնականում օբյեկտիվ է  եւ  նպատակ ունի նպաստել ծառայությունների որակի, տարածաշրջանում  ոլորտի մրցունակության բարձրացմանը: Այնպես որ, դրանից զբոսաշրջային ընկերությունները ոչ թե պետք է վիրավորվեն, այլ հետեւություններ անեն:

Սակայն, ի ուրախություն մեզ, գերմանուհիներին տվյալ զբոսաշրջային ընկերության (անվանումը չենք նշում, որպեսզի որպես գովազդ չդիտվի) ծառայությունները դուր էին եկել, ինչպես նաեւ սնունդը, Հայաստանի շրջաններով եւ մայրաքաղաքով էքսկուրսիան:

Բնականաբար, նրանք  հատկապես տպավորվել էին պատմական տեսարժան վայրեր,  հատկապես` հնագույն հայկական եկեղեցիներ ու վանքեր այցելությունից:  Մեկ շաբաթում հնարվոր չէ շրջել ողջ Հայաստանը, ուստի այցը կազմակերպվել էր էքսկուրսաների համար ավանդական վայրեր`  Գառնի, Գեղարդ, Դիլիջան, եւ,  իհարկե, Էջմիածին:

Հավատացյալ գերմանուհիների համար մեր երկրի հնագույն  քրիստոնեական հուշարձաններն իսկական բացահայտում էին, թեեւ նրանք տեղյակ էին, որ քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած երկիրը Հայաստանն է:

Մեր մայրաքաղաքում գերմանուհիներին շատ էին դուր եկել Հանրապետության հրապարակի «երգող» շատրվանները, ինչպես նաեւ ճարտարապետական յուրահատուկ լուծումներով Կասկադի համալիրը: Երեւանի գլխավոր տեսարժան վայրերից մեկի` ուրարտական Էրեբունի ամրոցի մասին չխոսվեց: Հավանաբար, զբոսաշրջային ընկերությունը  նախընտրել էր շրջանցել այդ վայրը` հաշվի առնելով տարածքի անմխիթար վիճակը...

Զբոսաշրջիկներին դուր էր եկել նաեւ մեր քաղաքացիների հյուրընկալությունն  ու բարեկամական վերաբերմունքը, սակայն նրանք  նկատեցին, որ հասարակությունը մեր երկրում բաժանվում է «շատ» հարուստների եւ «շատ» աղքատների:

Ավարտին նշեմ, որ գերմանացի զբոսաշրջիկների զեկույցը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց ավետարանական եկեղեցու մյուս այցելուների շրջանում: Զեկույցից անմիջապես հետո սկսվեցին  նոր խմբերի այցելությունների մասին նախնական բանակցությունները: Անկասկած, այդ նոր խմբերը եւս կօգտվեն նույն ընկերության ծառայություններից: Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ զբոսաշրջային փաթեթի արժեքը մեզ մոտ բավականին բարձր է,  եւ միայն Հայաստան այցելելու մեծ ցանկությունը կարող է հաղթահարել մերկանտիլական մոտեցումները..

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ