
«Թալիբան» շարժումը հինգշաբթի հայտարարել է, որ օտարերկրյա ուժերը «անթիվ հանցագործություններ» են կատարել Աֆղանստանի 20-ամյա պատերազմի ժամանակ։ Այդպիսով շարժումը մեկնաբանել է աֆղանական պատերազմի ավստրալացի վետերան Բեն Ռոբերթս-Սմիթի դեմ զրպարտության հայցը, որով նա պարտվել է, հաղորդում է Reuters-ը:
Ավստրալիայի ամենահայտնի զինվորներից մեկը՝ Բեն Ռոբերթս-Սմիթը, հինգշաբթի պարտվել է զրպարտության հայցը երեք թերթերի դեմ, որոնք նրան մեղադրել են Աֆղանստան գործուղման ընթացքում վեց աֆղանցիների սպանությանը մասնակցելու մեջ:
Թերթերին հաջողվել է ապացուցել, որ իրենց հաղորդագրությունները ճշմարիտ են եղել։
44-ամյա հատուկ նշանակության ուժերի նախկին կապրալ Բեն Ռոբերթս-Սմիթը դատի է տվել Sydney Morning Herald, The Age եւ Canberra Times թերթերին այն բանի համար, որ նրանք նրան պատկերել են որպես մարդ, ով «խախտել է մարտական գործողությունների վարման բարոյական եւ իրավական կանոնները» Աֆղանստանում, որտեղ նա ծառայել է 2006-2012 թվականներին: