News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում երկրորդ գիշերն է՝ շարունակվում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի բողոքի ակցիան: Ի տարբերություն նախորդ օրվա, երբ ընդդիմության ղեկավարներն ու ակտիվիստները գրեթե ողջ գիշեր անցկացրին անդադար մաղող անձրեւի տակ, այս անգամ իրավիճակը բավական լավ էր, ինչն էլ դրական էր ազդել գիշերը մնացողների թվաքանակի վրա:

Ժամը 1-ի սահմաններում Ազատության հրապարակում էին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական ուժերի առաջնորդները: Նախորդ օրվա համեմատ ավելացել էին նաեւ վրանները:

Երեկոյան ժամը 22-ից հետո բողոքի ակցիայի մասնակիցները այլեւս ելույթներ չեն ունենում, նաեւ չի միացվում երաժշտություն՝ հարակից շենքերի բնակիչների անդորրը չխաթարելու համար: Այդ անդորրը, ի դեպ, համառորեն խախտում էին ոստիկանները, որոնք մերթընդմերթ պարեկային մեքենայից բարձրախոսով նախազգուշացնում էին, թե բողոքի ակցիան ապօրինի է:

Իսկ բողոքի ակցիայի մասնակիցները շրջում էին, զրուցում իրար հետ, քննարկում անցած օրվա հանրահավաքը: 

Տպել
Ամենաշատ