News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանդիպել է սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանի և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի հետ:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար սփյուռքահայ մտավորական Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը պարգևատրվել են «Մովսես Խորենացի»  մեդալով։  Պետական պարգևը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով ներկաներին՝ նա նշել է, որ հաճելի է պետության կողմից գնահատանքի վկայագիր հանձնել վաստակաշատ մտավորականներին, որոնց ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված է ազգային կարևոր նպատակների և արժեքների հաստատմանն ու արմատավորմանը, որոնք հանրային և պետական շահերի ամենաուղիղ արտահայտումն  են: 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մեծածավալ աշխատանքի համար, որն իրականացրել և շարունակում եք իրականացնել: Սա ոչ միայն ինքնին արժեքավոր ուսումնասիրություն է, այլ նաև ճանապարհ է բացում բազում նոր ուսումնասիրությունների համար: Այստեղ ներկայացված աղբյուրագիտական նյութը գալիս է դառնալու հայագիտական ուսումնասիրությունների այն հարուստ հենքը, որը բազմաթիվ այլ հրատարակությունների առիթ է դառնալու: Կարևոր է, որ հրատարակությունները օտարալեզու են, ինչը նշանակում է, որ դրանք հնարավորություն են ընձեռում նաև օտարազգի գիտնականներին ու հետաքրքրվողներին ծանոթանալու հետազոտական նյութերին: Ապատեղեկատվության այս ժամանակներում օտարալեզու հրատարակությունները տեղեկատվության և  իրազեկման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն՝ ճշմարիտ տեղեկատվությունը և պատմական փաստերը հանրությանը հասանելի դարձնելու առումով: Պատրաստակամ ենք աջակցելու ձեր գործունեությանը և համագործակցելու հետագա բոլոր ձեռնարկներում՝ շարունակելու, մեծածավալ ու արժեքավոր նոր հրատարակություններ ու ուսումնասիրություններ հասարակության դատին հանձնելու հարցում»,- նշել է նախարար   Ժաննա Անդրեասյանը և կրկին շնորհակալություն հայտնել անվանի մտավորականներին կատարած կարևոր աշխատանքի համար:

Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը շնորհակալություն են հայտնել պետական բարձր պարգևի համար: Վաստակաշատ մտավորականների ընդգծմամբ՝ գնահատանքն իրապես պարտավորեցնող է:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակ հազարավոր փաստաթղթերով՝ դիվանագիտական զեկույցներով, ականատեսների վկայություններով, Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց հուշագրություններով և բանավոր պատմություններով: Աղբյուրագիտական առանցքային նշանակություն ունեն 1890-1922 թվականներին օտարերկրյա մամուլի հրապարակումները Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային տեղահանության, հալածանքների, կոտորածների վերաբերյալ: Հատկապես արժեքավոր տեղեկություններ կարելի է հավաքել այդ տարիների ամերիկյան մամուլից, որտեղ գրեթե ամեն օր լույս էին տեսնում Օսմանյան կայսրությունում դիվանագիտական, միսիոներական և այլ առաքելության ներկայացուցիչների վկայությունները, ահազանգերը, զեկույցները, հաշվետվություններն իրադարձությունների վերաբերյալ:

Ամերիկյան մամուլի ուսումնասիրման և Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրական նյութերի ամբողջացման ու հրապարակման գործում զգալի ներդրում ունեն սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանն ու Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը: Նրանք ամերիկյան մամուլի անդրադարձերն ու հրապարակումներն ամբողջացրել են «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում», «Վաշինգտոն փոստի 1890-1922 թթ հրապարակումները» 10 հատորներից բաղկացած ժողովածուում:

Տպել
Ամենաշատ