News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ որոշակի հիասթափություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ: Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այն հիմնական մեխանիզմն է, որով Հայաստանի Հանրապետությունը պիտի ապահովեր իր անվտանգությունը: Բայց 2021 թվականի մայիսին և նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիաների ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պատշաճ արձագանքը որոշակի հիասթափություն է առաջացրել առաջին հերթին Հայաստանի ժողովրդի շրջանում, որովհետև որոշակի վստահություն կար, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը հուսալի մեխանիզմ է անվտանգության ապահովման:

Բայց դա տեղի չունեցավ, և նաև սա էր պատճառը, որ մենք ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում հնարավոր չհամարեցինք կոնսենսուսի հաստատումը մի շարք հիմնարար փաստաթղթերի վերաբերյալ:

Բայց ես ուզում եմ, որ մենք հարցը դիտարկենք նաև հակառակ կողմից, որովհետև դա վնասակար է նաև կազմակերպության համար, որովհետև, ըստ էության, այն ինչ տեղի ունեցավ իմ նշած ժամանակաշրջանում Հայաստանի հետ, դա առաջին հերթին հարվածում է ՀԱՊԿ-ի հեղինակությանը: Այսինքն, սա նաև հենց իր՝ կազմակերպության համար որոշակի հետևանքներ կունենա»,-ասաց Փաշինյանը:
Դիտարկմանը, որ 2022-ի նոյեմբերին Երևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ, երբ Դուք հրաժարվեցիք ստորագրել փաստաթուղթը, Լուկաշենկոն ցնցված էր, իսկ Պուտինն ակնհայտորեն զայրացած էր, Փաշինյանն ասել է. «Դրանք աշխատանքային իրավիճակներ են, և Ձեր նշած ամփոփումից հետո աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք հանդարտ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկել ենք գործերի ընթացիկ վիճակը և թե ինչպես կարող ենք հաղթահարել ստեղծված իրավիճակը»:

Հարցին, թե ինչպե՞ս են իր անձնական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ. նա կարծես շատ սառը մարդ է, գրեթե առանց զգացմունքների, ՀՀ վարչապետն արձագանքել է. «Ընդհանուր առմամբ, պիտի ասեմ, որ էկրաններից երևացող տպավորությունները, իրական կյանքի տպավորությունները, այն բարդությունները, որոնք մենք ապրում ենք և այն բարդ ժամանակաշրջանները, որոնցում մենք գտնվում ենք, տարբեր շերտեր են իրականում: Եվ այո՛, մեր շփումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ շատ ինտենսիվ է եղել և շարունակում է ինտենսիվ լինել:

Մենք այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպենք: Եվ պիտի ասեմ, որ դա և՛ անձնական շփում է, և՛ քաղաքական շփում է, և՛ աշխատանքային շփում է: Այլ բան, որ հատկապես հիմա մենք շատ չենք քննարկում, կամ համարյա չենք քննարկում այն հարցերը, որոնք չեն վերաբերում մեր երկկողմ հարաբերությունների օրակարգին կամ մեր տարածաշրջանային օրակարգին: Ես Ձեզ անկեղծ մի բան ասեմ՝ Հայաստանը չափից ավելի մեծ խնդիրներ ունի՝ ավելի լայն տարածաշրջանի և աշխարհամասերի հոգսը նույնպես իր ուսերին կրելու համար: Մեր հոգսերը, ցավոք, ավելի քան բավարար են, և մենք մեր հարաբերություններում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ, փորձում ենք լուծել մեր օրակարգի խնդիրները, ինչն ինչպես տեսնում եք, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ