
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր չէ պատերազմի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի։ Այս մասին Կիեւում կայացած ճեպազրույցում ասել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան նաեւ հասկանում է, որ մինչեւ պատերազմի ավարտը չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Մենք ՆԱՏՕ-ին փոխարինող չենք փնտրում... այլընտրանք չենք փնտրում... Օրինակ բերեք, թե ՆԱՏՕ-ի որ երկիրն է այսօր կռվում Ռուսաստանի դեմ կամ որ երկրի տարածքում ռուսական զորքեր կան», - ասել է նա:
Նա նաեւ ընդգծել է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։
«Ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում, այլ որովհետեւ դա անհնար է... մենք գիտակից մարդիկ ենք եւ հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրներից ոչ մեկին չենք ներքաշի պատերազմի մեջ»,- ընդգծել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքները, որոնք ներկայումս ստանում է Ուկրաինան ՆԱՏՕ-ի երկրներից, մասնավորապես՝ պատժամիջոցները, ֆինանսական երաշխիքներն ու զենքերը, պետք է ուժի մեջ լինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ։
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել անցյալ տարվա աշնանը։ ՆԱՏՕ-ի անդամները բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինայի անդամակցության մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի դեռ պատերազմը շարունակվում է։