
Պուտինը բաց է ցանկացած շփման համար, որը թույլ կտա այլ միջոցներով հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում, որից մի հատված Telegram-ի իր ալիքում տեղադրել է լրագրող Պավել Զարուբինը:
«Նախագահ Պուտինը եղել է, կա եւ բաց կլինի ցանկացած շփման համար, որը թույլ կտա այլ միջոցներով հասնել ռազմական հատուկ գործողության նպատակներին։ Դա պետք է իմանան նաեւ Ֆրանսիայի նախագահը եւ եվրոպական մյուս առաջնորդները»,-ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ «հավաքական Արեւմուտքի երկրներն այս պահին Ռուսաստանին այլ ելք չեն թողնում»։ Այս կերպ Պեսկովը մեկնաբանել է Փարիզում Ուկրաինայի հարցով խաղաղ գագաթաժողով անցկացնելու Ֆրանսիայի առաջարկը։
«Այժմ Ուկրաինան փաստացի հակամարտության գործիք է։ Հակամարտությունն իսկապես ավելի լայն է դարձել, հավաքական Արեւմուտքը կոմբինացված պատերազմ է մղում մեր երկրի դեմ։ Ահա այս գործիքով հակամարտության կարգավորմամբ զբաղվելն անհեռանկարային է, դա նույնպես պետք է հասկանալ։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա նա դե ֆակտո հակամարտության մասնակից է դարձել Կիեւի կողմից եւ չի կարող հավակնել ուկրաինական կարգավորման հարցում մոդերատորի դերին»,-հավելել է Պեսկովը։