
Մոտավորապես քսան խոշոր հետախուզական գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաներ այս հանգստյան օրերին գաղտնի հանդիպում են անցկացրել Սինգապուրում «Շանգրի-Լա երկխոսության» ընթացքում, իր աղբյուրներին վկայակոչելով՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ըստ աղբյուրների, նման հանդիպումները կազմակերպվում են Սինգապուրի կառավարության կողմից և մի քանի տարիների ընթացքում աննկատ անցկացվում անվտանգության գագաթնաժողովին զուգընթաց։ Նախկինում այդ հանդիպումների մասին չէր տեղեկացվում։
ԱՄՆ-ն ներկայացնում էր ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հենսը, Չինաստանը նույնպես եղել է ներկայացված երկրների շարքում՝ չնայած երկու երկրների միջև լարված հարաբերություններին։ Ներկա է գտնվել նաև Հնդկաստանի ներկայացուցիչը, նշում է լրատվական գործակալությունը։
«Հատուկ ծառայությունների շրջանում գոյություն ունի գաղտնի վարքագիրք, որի համաձայն նրանք կարող են խոսել միմյանց հետ, երբ առավել պաշտոնական և բացահայտ դիվանագիտությունը դժվարեցված է․ սա կարևոր գործոն է լարվածության ժամանակ, և սինգապուրյան միջոցառումը նպաստում է դրան»,- ասել է քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրը։
Սիգապուրում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ տեղեկություններ չունի այդ հանդիպման մասին։ Չինաստանի և Հնդկաստանի կառավարությունները չեն պատասխանել մեկնաբանելու խնդրանքին։
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան օգտագործում են, այսպես կոչված, «Հինգ աչք» ցանցը՝ հետախուզական լայն սպեկտրի տեղեկատվության հավաքման և փոխանակման համար, և այդ երկրների հետախուզական ծառայությունների աշխատակիցները հաճախ են հանդիպում։