
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայի նախագահի հետ անձնական հանդիպման ընթացքում քննարկել է ՆԱՏՕ-ին անդամագրվելու Շվեդիայի հայցը, տեղեկացնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
«Ստոլտենբերգը նշել է, որ Ստոկհոլմը զգալի, կոնկրետ քայլեր է ձեռնարկել Թուրքիայի մտահոգությունները բավարարելու համար, ներառյալ Շվեդիայի սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելը, զենքի մատակարարման վրա էմբարգոյի դադարեցումը և ահաբեկչության, այդ թվում ՔԲԿ-ի դեմ պայքարում համագործակցության ակտիվացումը։ Նա նշել է նաև, որ վերջին մի քանի օրվա ընթացքում ուժի մեջ է մտել կարևոր, հակաահաբեկչական նոր օրենսդրություն, և որ Շվեդիան կատարել է իր պարտավորությունները»,- նշվում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թուրքիայի նախագահը պայմանավորվել են, որ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև մշտական համատեղ մեխանիզմը պետք է շուտով նորից հանդիպի՝ հունիսի 12-ից սկսած։
Ստոլտենբերգն ավելացրել է, որ «անհամբեր սպասում է» Շվեդիայի դաշինք մտնելու գործընթացի շուտափույթ ավարտմանը։