News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը կարծում է, որ անկլավների հարցը դեռ քննարկման փուլում է եւ չի կարծում, որ Տիգրանաշենը հանձնելու որոշում կա այս պահին:

«Այնպես չի, որ ասվել է,որ Տիգրանաշենը հանձնվելու է, դրանք դեռ քննարկելու, որոշումներ կայացնելու հարց է: Նաեւ այնտեղ խոսք գնաց փոխանակման մասին, դե ամեն դեպքում անցանկալի բան է, որ մենք հարմարվել ենք, այսինքն մենք ընդունում ենք, որ մերն է: Եթե իրենք հիմք են ընդունում 1975 թվականի քարտեզները, եւ դրա շուրջ են բանակցելու: Դե բնական է՝ ոչ մեկիս համար էլ հաճելի չի, որ մեկս կուզենանք այսօր, որ մեր տարածքների հետ ինչ-որ բան լինի, բայց օրինակ Արծվաշենի մասին չենք խոսում, որովհետեւ մեր աչքը սովորել է, որ այն էլ իրենց տարածքում է, մեր վերահսկողությունից դուրս է: Հիմա կարող է խոսակցություն է լինելու, որ փոխանակեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

 Հարցին, թե արդյոք Տիգրանաշենի հանձնումով ռազմավարական խնդիրներ չեն առաջանա միջպետական ճանապարհի եւ անվտանգային առումներով, նա նշեց, որ նմանատիպ հարցերը լուծելի են. «Ես իմ կարծիքն եմ ասում, կարող է եւ սխալվեմ, բայց ավելի լուրջ տեղերում, ավելի լուրջ իրավիճակներում մարդիկ ճանապարհի հարց էլ են լուծում, հոսանքի հարց էլ են լուծում, ջրի հարց էլ են լուծում: Այստեղ մեր խնդիրը ոչ հոսանքն է, ոչ ջուրը, ոչ էլ ճանապարհը, դրանք բոլորը լուծելի հարցեր են, այստեղ առաջնայինը մեր տարածքի հարցն է»:

Ստեփանյանի խոսքով՝ պետք է այնպիսի լուծումներ գտնել, որ խաղաղություն լինի եւ ամեն 50 տարին մեկ նման իրավիճակում չհայտնվեն երկու կողմերը. «Ես չեմ ասում միակողմանի զիջումների, բայց վերջնական ինչ-որ տրամաբանական լուծում այս հարցը պետք է ունենա, թե՞ չունենա, բայց նորից եմ կրկնում՝ դեմ եմ միակողմանի զիջումների, թե՞ մենք պատրաստ ենք ամեն 30 տարին մեկ 7000 երեխու գլուխ ուտել, թե այս կողմից, թե այն կողմից»:

Խոշորացված համայնքի ղեկավարի կարծիքով ամեն դեպքում պետք է այնպիսի լուծում գտնել, որ գոնե երաշխավորված անվտանգություն լինի դրա հետեւանքով. «Անցանկալի է, որ այս տարածքները տրվեն, բայց այնպես էլ չէ, որ ղեկավար կազմի  կողմից ասվել է, որ հանձնվելու են այս տարածքները: Գյուղացիների համար այս խոսակցությունները սովորական բան են դարձել, նրանց հետ դեռ 90-ականներին մենք նկուղներում ենք եղել, պատերազմ ենք տեսել, մեր ժողովուրդը ակտիվ մասնակցություն է ունեցել, այս ամեն ինչի մեջ մեր ժողովուրդը դարձել է վահան: Հիմա փորձումեն ինչ-որ ելք գտնել, թե ինչքանով այդ ելքը արդյունք կտա դա պատմությունը ցույց կտա»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը չեր բացառել անկլավների փոխանակումը եւ ասել էր, եթե Ադրբեջանը համաձայն լինի, հայկական կողմը նույնպես կհամաձայնվի անկլավները հանձնելուն: Նա նաեւ ասել է, որ պետք չէ գերագնահատել Տիգրանաշենը, քանի որ իրենց իշխանությունը շատ լավ զարգացրել է ճանապարհային ցանցը, հետագայում խնդիրներ չեն առաջանա: Այնինչ մասնագետները պնդում են, որ Տիգրանաշենի հանձնումով եւ անվտանգային, եւ միջպետական ճանապարհի հետ կապված խնդիրներ կառաջանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ