
Աֆղանստանում մոտ 80 աշակերտուհու թունավորման նախանշաններով հոսպիտալացրել են, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Միջադեպը տեղի է ունեցել Սարի-Պուլ նահանգում։ Ինչպես հայտարարել է կրթության բաժնի ներկայացուցիչ Մոհամմադ Ռահմանին, անհայտ անձինք հատուկ թունավորել են աղջիկներին: Նրա խոսքով՝ մի տարրական դպրոցից հոսպիտալացվել է 60, մյուսից՝ 17 աշակերտուհի։
Այս պահին բոլոր տուժածները գտնվում են բավարար վիճակում։
2021 թվականի օգոստոսի սկզբին Թալիբան արմատական շարժումն ակտիվացրեց հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա։ Օգոստոսի 15-ին թալիբները մտան Քաբուլ եւ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտվել է։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը։ Մարտին թալիբներն արգելեցին միջին եւ ավագ դպրոցի աշակերտներին հաճախել դասերի: Այժմ աղջիկները կարող են սովորել միայն մինչեւ վեցերորդ դասարան: