
ՀԱՊԿ-ը մշտապես հայտարարել է, որ իրենց կողմից ամեն ինչ պատրաստ է Հայաստան առաքելություն ուղարկելու համար, սակայն հայկական կողմը նախապայման է դնում ագրեսիայի փաստի արձանագրումը։ Ինչո՞ւ է երեք տարիների ընթացքում առաջին անգամ որոշվել նախապայման կիրառել ոչ թե թշնամիների, այլ բարեկամ ուժերի ու երկրների նկատմամբ, եթե որոշել եք նախապայմաններով խոսել, ինչո՞ւ այդ նախապայմանները նույնանման կերպով չեն վերաբերում Թուրքիա-Հայաստան հարաբերություններին։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022թ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Ի պատասխան ՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք առիթ ունեցել ենք շատ հստակ ներկայացնելու մեր դիրքորոշումը, այն ինչ դուք ասացիք, մենք հաճախ լսում ենք նաև մեր այլ գործընկերներից, թե մենք նախապայման ենք առաջադրում այդ որոշման ընդունման համար և այլն։
Նախապայման չկա, նախագծի որոշման մեջ կա այսպիսի մի բան․ սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքը խախտվել է, սահմանը խախտվել է, ըստ այդմ կարիք կա ուղարկել մոնիտորինգային առաքելություն։ Սա մեր պատկերացմամբ պետք է լինի այն ռազմաքաղական դաշինքի նվազագույն արձագանքը, որի անդամ ենք մենք։
Մեր գործընկերների կողմից մինչև այս պահը նման պնդում անելը հնարավոր չի եղել։ Չֆիքսելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքը խախտվել է սեպտեմբերյան ագրեսայի ժամանակ, ստացվում է, որ լեգիտիմացվում է ադրբեջանական խոսույթը։ Մեր դաշնակիցներն ավելի լավ է որևէ հայտարարություն չանեն, քան անեն հայտարարություն, որը կլեգիտիմացնի խոսույթը այն մասին, որ եթե չկա սահմանագիծ, դժվար է դատապարտել որևէ մեկին և ասել, թե ով ում տարածք է մտել»։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, սակայն այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նաև նշել է, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, դրա վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի՝ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետ։