News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պարենի համաշխարհային գները մայիսին կրկին սկսել են նվազել՝ ապրիլին գրանցված աննշան աճից հետո, հայտնում է FAO-ն (ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն):

Պարենային ապրանքների գների ինդեքսը 2023 թվականի մայիսին կազմել է 124,3՝ ապրիլի համեմատ նվազելով 3,4 կետով (2,6%-ով անկումով) և 2022 թվականի մարտին գրանցած ռեկորդային բարձր ցուցանիշից 35,4 կետով (22,1%):

Հացահատիկի գների ինդեքսը մայիսին ապրիլի համեմատ նվազել է 4,8%-ով։ Տարեկան կտրվածքով անկումը կազմել է 25,3%։ Ցորենի համաշխարհային գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 3,5%-ով, ինչը «արտացոլում է գալիք սեզոնում համաշխարհային բավարար մատակարարումների հեռանկարը և Սևծովյան հացահատիկի նախաձեռնության երկարաձգումը»։ Եգիպտացորենի համաշխարհային գները մայիսին նվազել են 9,8%-ով, գարու և սորգոյինը՝ համապատասխանաբար 9,5%-ով և 9,7%-ով։ Միաժամանակ բրնձի համաշխարհային գները մայիսին շարունակել են աճել։

Բուսական յուղի գների ինդեքսը մայիսին ամսական կտրվածքով նվազել է 8,7%-ով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 48,2%-ով։ Ինդեքսի շարունակական անկումն արտացոլում է արմավենու, սոյայի, ռապսի և արևածաղկի ձեթերի համաշխարհային գների անկումը, ասվում է զեկույցում։

Կաթնամթերքի գների ինդեքսը նախորդ ամիս ապրիլի համեմատ նվազել է 3,2%-ով և 2022 թվականի մայիսի համեմատ՝ 17,7%-ով: Մայիսին անկումը պայմանավորված էր պանրի համաշխարհային գների կտրուկ անկմամբ՝ հիմնականում պայմանավորված արտահանման մեծ պաշարներով, բացատրում է FAO-ն:

Մսի գների ինդեքսը մայիսին աճել է 1%-ով՝ չորրորդ անընդմեջ ամսական աճը։ Բայց անցած տարվա մայիսի համեմատ այն 4,1%-ով ցածր է եղել։

Շաքարավազի գնի ինդեքսը մայիսին ապրիլի համեմատ աճել է 5,5%-ով, նախորդ տարվա մայիսի համեմատ աճը կազմել է 30,9%։ Գները աճում են արդեն չորրորդ ամիսն անընդմեջ։ 

ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը միջին կշռված ցուցանիշ է, որը հետևում է պարենային ապրանքների հինգ հիմնական խմբերի միջազգային գների շարժին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ