
2022 թվականին Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններն ակտիվորեն զարգացել են։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 5-ին 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Դա, ըստ նախարարի, պայմանավորված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու ԵՄ ջանքերով։ «Մասնավորապես, 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստան է ուղարկվել ԵՄ քաղաքացիական առաքելություն, եւ համաձայնություն է ձեռք բերվել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա պետական սահմանի սահմանազատման մասին»,- նշեց Միրզոյանը։
Արտգործնախարարը նաեւ մատնանշեց եվրոպացի պաշտոնյաների այցելությունների ակտիվացումը Հայաստանի Հանրապետություն, հատկապես նախորդ տարվա երկրորդ կեսին։